Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում հաստատեց 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Ըստ այդմ, որոշվեց, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցը։ Ժամանակացույցում ներառված է 113 գործառույթ։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նշենք, որ նոյեմբերի 1–ին Ազգային ժողովն իրավունքի ուժով ազատ է արձակվել։ Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9–ին։