Փետրվարի 4-ից 9-ը տեղի է ունեցել բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ընդհանուր թվով 88 բռնցքամարտիկներ: Առաջնությանը չեն մասնակցել անցած տարվա դեկտեմբերին Կալինինգրադում Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության մասնակից երեք բռնցքամարտիկներ՝ 49կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 52կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 56կգ քաշային Արամ Ավագյանը: Հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքերով, այդ երեք մարզիկները աշխատել են բավականին ծանրաբեռնված գրաֆիկով, այդ իսկ պատճառով այս մրցաշարին նրանք չեն մասնակցել: Հայաստանի առաջնությանը չի մասնակցել նաև Անդրանիկ Հակոբյանը (75կգ քաշային կարգ), որը ըստ Կ. Աղամալյանի, մարզվում է անհատական ծրագրով:
Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել՝ Հովհաննես Դանիելյանը (49կգ), Դերենիկ Գիժլարյանը (52կգ), Արարատ Մխիթարյանը (56կգ), Հովհաննես Բաչկովը (60կգ), Արա Փուլուզյանը (64կգ), Վլադիմիր Մարգարյանը (69կգ), Արման Հովիկյանը (75կգ), Ռուլամ Իբրագիմյանը (81կգ), Ազատ Դավթյանը (91կգ) և Արման Սիմոնյանը (+91կգ):
Գլխավոր մարզիչը առաջնությունում բռնցքամարտիկների ցույց տված արդյունքները գնահատել է միջինից բարձր: Նա հատկապես առանձնացրել է 49կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դանիելյանին (Երևան), 56 կգ քաշային Արարատ Մխիթարյանին (Վանաձոր), 60կգ քաշային Հովհաննես Բաչկովին (Գյումրի) և 64կգ քաշային Արա Փուլուզյանին (Էջմիածին):
Նշենք, որ փետրվարի 25-ից մարտի 10-ը Աբովյան քաղաքում տեղի ունենալիք ուսումնամարզական հավաքից հետո հավաքականի որոշ մարզիկներից կազմված մի խումբ կմեկնի Չեխիա մասնակցելու այնտեղ կայանալիք միջազգային մրցաշարին, մի այլ խումբ մարտի վերջին կմասնակցի Ուկրաինայում, իսկ մյուս խումբը՝ Ղազախստանում կայանալիք միջազգային մրցաշարերին, ի դեպ բոլորն էլ A կարգի մրցաշարեր են: Այդ առաջնություններում մարզիկների գրանցած արդյունքերի հիման վրա ձևավորված թիմի անդամներից մի մասը մայիսին ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, իսկ երկրորդ թիմը կմեկնի ուսումնամարզական հավաքի Բելոռուսիա, որտեղ արդեն մայիսի 30-ից հունիսի 9-ը հավաքականը ողջ թիմով մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: