ԱՄՆ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ հազարավոր իրանցիներ դուրս են եկել քաղաքների փողոցներ՝ «Մահ Ամերիկային» վանկարկումներով մասնակցելու կառավարամետ հանրահավաքներին, հայտնում է Sky: Ցուցարարներն այրել են «քեռի Սեմի» պատկերները եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարները:

Իրանական պետական լրատվամիջոցները պնդում են, որ ամբողջ երկրում ընթացած ցույցերին միլիոնավոր մարդիկ են մասնակցել:


Այսօրվա հանրահավաքներն անցկացվում են Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցի կապակցությամբ, որը տեղի էր ունեցել 1979 թվականին իսլամական հեղափոխության բուռն շրջանում: Այդ իրադարձությունները դարձել էին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խզման եւ հակաիրանական պատժամիջոցների սահմանման պատճառը:

Թեհրանում բողոքի ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ նախկին դեսպանատան շենքի մոտ, որտեղ հիմա տեղակայված է «լրտեսության թանգարանը»: Ցուցարարները բղավում էին ինչպես հակաամերիկյան, այնպես էլ հակաիսրայելական կարգախոսներ:

Երկուշաբթի՝ նոյեմբերի 5-ին, ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները վերաբերելու են նավթային եւ բանկային հատվածներին: Թրամփը պատժամիջոցների սահմանումը համարում է Թեհրանի միջուկային ծրագիրը կասեցնելու փորձ: Ամերիկացի առաջնորդի գործողությունները քննադատում են Իրանի հետ միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Չինաստանը: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ այս երկրները համաձայնագրից դուրս չեն եկել, որը Թրամփը «վատն» է հայտարարել:

Իրանի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ Իրանը մտադիր է այս հոգեբանական պատերազմում ԱՄՆ-ին հաղթել:

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները ուժի մեջ են մտնում նոյեմբերի 5-ին: Փաստաթղթի տեքստի համաձայն, որն արդեն տեղադրվել է ԱՄՆ Դաշնային ռեգիստրի տվյալների էլեկտրոնային բազայում, ԱՄՆ իրավազորությամբ կարգելափակվեն Իրանի կառավարության, նրա էներգաընկերությունների՝ Iranian Oil Company-ի (NIOC) եւ Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց եւ ընկերությունների ակտիվները: