Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են ապօրինի տեղադրված խողովակներով։ Այս մասին կատարված ուսումնասիրություններից հետո հայտարարություն է տարածել Պետական վերահսկողության ծառայությունը։

«Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Այս մասին հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:


«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ, յուրաքանչյուր մղման խողովակից (3-ից) 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ:

Հայտնաբերված խողովակաշարերով, նախնական հաշվարկով, ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։

Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էին Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ ՋՕԸ»-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիցներ:

«Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին։

Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,–ասված է հայտարարույունում: