«168 ժամ» թերթը գրում է. ««Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը: Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը լուրջ մտահոգություններ առաջացրեց Մոսկվայում եւ ՀԱՊԿ անդամ երկրների շրջանում, քանի որ առանց նախնական պատրաստությունների՝ սկսվեց հետապնդում այս տարածաշրջանում անվտանգություն ապահովող կառույցի առաջին դեմքի նկատմամբ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Աստանայում կայանալիք խորհրդի նիստի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության հարցին:
Բայց ՀՀ իշխանությունների այդ որոշումը, նրա որակմամբ, հարված էր ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական հարաբերություններին, եւ առիթ հակառակորդներին՝ առաջ մղելու համար սեփական ծրագրերը:
Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների ֆոնին որոշ ուժերի կողմից հնչում են կոշտ հակառուսական հայտարարություններ:
«Այդ ամենը չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որը ՀՀ անվտանգության երաշխավորն է, սպառազինության մատակարարը: Բայց ներկայումս ՌԴ-ում հանգիստ հետևում են առաջիկա զարգացումներին և նրան, թե ինչպիսի խորհրդարան կձևավորվի, ինչպիսի ուժեր կհայտնվեն խորհրդարանում, առաջիկայում ինչ արտաքին քաղաքականություն կիրականացնեն ՀՀ իշխանությունները:
Ի վերջո, այս համագործակցությունը նման ծավալով առաջին հերթին հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, թեև Հարավային Կովկասում ՌԴ-ն ունի հստակ քաղաքական գիծ, հետևաբար՝ ուշադիր հետևում է այն զարգացումներին, որոնք հնարավոր են: Կարծում եմ` Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի՝ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, իրավիճակը լիովին կանխատեսելի չէ, բայց տագնապ ևս չկա, քանի որ Հայաստանի համար կան անվտանգային իրողություններ, սպառնալիքներ, իսկ այս տարածաշրջանը ՆԱՏՕ-ին չի հետաքրքրում»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում