«Մենք ԱԺ-ում ունենալու են երկու բեւեռ, թե մեկ բեւեռ։ Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, ինքը մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին։ Նա այլընտրանք պետք է որ չտեսնի, որպես բանավեճի գործընկեր ապագա խորհրդարանում։ Եթե նա դա չանի, ուրեմն ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն», ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ որոշվել է մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությանը, Վիգեն Սարգսյանը գլխավորելու է նախընտրական ցուցակը: Ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին:

Նիստից հետո Վիգեն Սարգսյանը խոսել է այն մասին, թե ինչու է ՀՀԿ-ն պահանջված ուժ Հայաստանում, եւ միայն ՀՀԿ-ն կարող է լինել իրական ընդդիմություն: Նախեւառաջ, նա այդ հանգամանքը պայմանավորել է արտաքին մարտահրավերներով, նշելով, թե ՀՀԿ-ն ունի փորձ եւ գիտելիքներ եւ կարող է օգնել դիմակայել այդ մարտահրավերներին:

Սովորաբար, քաղաքական ուժերը ընտրություններին պայքարում են իշխանության հասնելու համար: Սակայն Հայաստանում շարունակվում է ավանդույթը՝ քաղաքական ուժերը «պայքարում» են միակ ընդդիմության կամ ընդհանրապես ընդդիմության դերում հայտնվելու համար: Ներկայում այս հանգամանքն առավել ցցուն է դարձել իշխանության կուսակցության ու նրա ղեկավարի բացառիկ հանրային լեգիտիմության ֆոնին:

ՀՀԿ-ն հավակնում է միակ ընդդիմադիրի դերին, ասելով, որ մյուսները կարող են միայն գրպանային լինել, հընթացս փորձելով սպառնալ կառավարությանը, որ չի կարողանալու դիմակայել արտաքին մարտահրավերնեին առանց իրենց օգնության: Մենք դաշինքն, իր հերթին, ասում է, որ իրենք են իրական ընդդիմությունը, քանի որ ՔՊ-ի ու ՀՀԿ-ի դիրքորոշումները չեն տարբերվում, եւ մասնավորապես իրենք արեւմտամետ են: Սասնա ծռերն էլ իրենց անհրաժեշտությունը հիմնավորում են նրանով, որ եթե Ղարաբաղի հարցում ճնշեն կառավարությանը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մատնացույց անել Ծռերին ու ասել, որ չի կարող զիջումների գնալ:

Սա վկայում է հայկական քաղաքական դաշտի համընդհանուր սնանկության, անհամարժեքության ու առեւտրի հակումների մասին: Քաղաքական ուժերը փաստորեն առաջարկում են իրենց վերցնել խորհրդարան՝ խոստանալով ծառայություններ մատուցել տարբեր հարցերում: Եվ նախընտրական շրջանում էլ պայքարելու են միմյանց դեմ՝ իրենց անհրաժեշտությունն ապացուցելու համար:

Շատերն այս իրավիճակի համար մեղադրում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, նշելով ընտրությունը դեկտեմբերին անցկացնելու, Ընտրական օրենսգիրքը չփոխելու եւ այլ պատճառներ: Բայց արդյոք այդ ամենի դեպքում քաղաքական դաշտի որակ էր փոխվելու, կուսակցությունները փոխվելու էին եւ համապատասխանեին որոշակի չափանիշների: Խիստ կասկածելի է, եթե չասենք՝ անհնար:

Ընդ որում, իրավիճակը չի փոխվում նույնիսկ «սերնդափոխությունից» հետո, ինչը տեսնում ենք օրինակ ՀՀԿ-ի դեպքում, քանի որ մոտեցումները մնում են նույնը:

Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանների, իշխանությունը ներկայում հակված չէ պայմանավորվածությունների, չկան դրա համար պայմաններ: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չեն գնալու արհեստական ընդդիմություն ստեղծելու ճանապարհով: Մյուս կողմից, այն զավեշտալի թեզերը, որ առաջարկում են կուսակցությունները, հենց արհեստական ընդդիմություն դառնալու հայտ ու առաջարկ են:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am