Լուսանկարում՝ զինծառայող Էդգար Հունանյանը
Նոյեմբերի 7-ին, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ողբերգական վթարից մահացած 20-ամյա զինծառայող Էդգար Հունանյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան 2 տարի շարունակ, մեղմ ասած, անսարք վիճակում է եղել: Այդ մեքենան, որով վթարի են ենթարկվել զինծառայողները եւ որի հետեւանքով 4 զինծառայողներ են մահացել, զինծառայողն անձամբ, անգամ սեփական միջոցներով փորձել է վերանորոգել:
Դեպքի նախորդ օրը Հունանյանը ծնողներին տեղեկացրել է, որ չի ցանկանում վարել մեքենան, քանի որ զինծառայողների է տեղափոխում:
Այս մասին երեկ մեր զրույցում պատմեցին Հունանյանի ծնողները՝ պնդելով, որ այդ մեքենան ոչ թե մարդատար է, այլ՝ բեռնատար, այսինքն՝ այդ մեքենան նախատեսված չի եղել զինծառայողներ տեղափոխելու համար: Հունանյանի մայրը՝ տիկին Սուսաննան, մեր զրույցում պատմեց, որ մեքենան ի սկզբանե եղել է ուղղակի անունով մեքենա: «Այդ մեքենան ամենասկզբից մինչեւ վերջ անիվներից մինչեւ դիմապակի, սարքել է իմ որդին՝ հոր օժանդակությամբ, մասնագիտական խորհուրդներով, նյութական մատակարարմամբ: Մենք հանդուրժողականորեն լռել ենք, որովհետեւ իմ երեխան էնքան դաստիարակված ու համեստ էր, որ ասում էր՝ մամ ջան, ծառայում եմ, պետք չի էստեղ ավելորդություններ, խոսակցություններ լինի: Խնդրում եմ՝ պարզաբանեք ես իմանամ, իմ երեխան վարել է մարդատա՞ր, թե բեռնատար անսարք մեքենա»,- ասաց որդեկորույս մայրը: Վերջինս թվարկեց մեքենայի թերությունները, որոնք բազմաթիվ էին, սկսած արգելակների չաշխատելուց: Մայրը պատմեց, որ դեպքից 10 օր առաջ Գորիսում՝ Տեղ գյուղում, այդ նույն մեքենան հրդեհվել է. «Իմ երեխան տեղեկացրել է ղեկավարներին, նրանք, ինչպես միշտ, ոգեւորել են, թե դու մեկ է՝ կարողանում ես ամեն ինչ անել, սարքի արի հասի, դարձյալ իմ դաստիարակված, խոհեմ, երեխաս արել է: Դրանից առաջ էլի էր հրդեհվել մեքենան, հետադարձ խողովակը ու սալյարկան դուրս էին եկել, լցվել մատոռի մեջ, երեխես ձեռքերը վառել էր, տեւական ժամանակ մեքենան վարել է ձեռքի ափերով, բայց մեզ տեղյակ չի պահել: Ախր գնացած օրվանից դա է եղել, ուղղակի մեզ սաստում էր, ասում էր՝ մամա ջան, ծառայում եմ, մի թողեք մեր վրա խոսակցություն գա: Այս անգամ, որ պետք է արդեն զինվոր տեղափոխեր, երեխաս ասում էր՝ մամա ջան, հեչ չեմ ուզում էս անգամ գնամ Արցախ, որովհետեւ զինվոր եմ տեղափոխելու: Նա, իմանալով մեքենայի անսարքության մասին, չէր ուզում ոչ մի զինվորի մազը ծռվեր, բայց խնդրեմ՝ եղավ այն՝ ինչ որ չպետք է լիներ: Այդ ժամանակ ասացի՝ Էդ ջան, ամենացածր արագության տակ կքշես, ամեն վայրկյան կհիշես մեզ... վերջին խնդրանքս էր: Կան մարդիկ, ովքեր կհավաստեն, որ իմ երեխան արագ չի վարել, ուղղակի միգուցե գիշերվա անքնությունն է ազդել, ով իմանա նաեւ, սոված անսարք մեքենայի ղեկին, ջահել երեխեն հո ամենակարող չէր, մատղաշ երեխա էր: Հիմա ես, իմ նման երեք զինվորների մայրերը, ինչպե՞ս վշտանք»,- պատմեց զինծառայողի մայրը:
Մեր հարցին, թե արդյո՞ք հրամանատարական կազմն է նյութական պահանջ ներկայացրել տեխնիկան գնելու համար եւ արդյո՞ք տեղեկացված են եղել խնդրի մասին, տիկին Սուսաննան պատախանեց, որ եթե տեղեկացված չլինեին, ապա կհետաքրքրվեն, թե որտեղից մեքենայի այդ մասերը. «Բա էդ չպահանջողը չի ասում՝ Հունանյան Էդգար, սա իմ պահեստամասում չկար, դու որտեղի՞ց բերեցիր, բա միգուցե իմ երեխան գողություն է արել հարեւան տներից: Եթե չստիպեին, ինչպե՞ս կտաներ, ստիպելը գիտե՞ք որն է, իմ երեխան, իմանալով, որ մեքենան տեխնիկապես անսարք է, պիտի գնար Արցախ, ասել է՝ ես չեմ վարի էդ մեքենան, անսարք է: Իրենք գիտեին, որ անսարք է, բայց ասում էին՝ դե ուրեմն արի գրի, որ դու հրաժարվում ես քո ծառայողական պարտականությունները կատարել, հրաման չես կատարում: Ես ուզում եմ, որ այդ ավտոպարկի ողջ անձնակազմը, ովքեր որ պատասխանատու են, անմիջապես եւ նաեւ մյուս սպայական անձնակազմը, որոնք բոլորը անխտիր տեղյակ էին, պատասխանատվության ենթարկվեն: Չէ՞ որ ամեն տարի յուրաքանչյուր կառույցում կատարվում է ինվենտարիզացիա, էդ ինչպե՞ս եղավ, էդ ողջ զորամասում էդ մի սպասարկող տեխնիկան էր ու դուք էլ իբր տեղյակ չէ՞իք՝ տեխնիկան սարքին է, թե՝ ոչ: Իրականում բոլորը տեղյակ են անխտիր, իրենք բոլորից լավ գիտեին, որ այդ տեխնիկան անսարք է: Այդ մեքենան անսարք կցված է եղել երեխայիս, մատոռ չկար վրան, այ այդպես «ընտիր» մեքենա էր եղել, անիվներն էլ էն կարգի անվիներ են...որ ես հիմա դիմեմ Տոնոյանին, խնդրելու եմ էդ անիվները հանի, քցի էդ կորպուսի հրամանատարի, գեներալի ջիպերի տակը. թող քշեն, արժանանան մեր երեխու բախտին, որ իմ սիրտը հանգստանա: Այս խնդիրը պետք է խորը լուծում ստանա, թող դատապարտվեն, թող դուրս գան էս ոլորտից, որ իմ նման էլ ոչ մեկի տունը չքանդվի: Թող չմտածեն, որ մենք կսփոփվենք ու սա կանցնի: Ես կհասնեմ մինչեւ ՄԻԵԴ: Եթե լիներ նոր տեխնիկա, ուղղակի պատահական անսարքություն, ես շատ ողջամիտ կին եմ, եւ ամեն ինչը կընկալեի այնպես, ինչպես կա: Բայց քանի որ իմացել եմ ու իմ երեխուն շահագործել են, դրա համար պետք է պատժվեն այն աստիճան՝ մինչեւ այս ցավն իրենց վրա չզգան»,- ասաց տիկին Սուսաննան՝ հավելելով, որ որդին մշտապես տեղեկացրել է մեքենայի անսարք լինելու մասին:
Զինծառայողի հայրը՝ Արմեն Հունանյանը, մեր զրույցում պատմեց, որ «Կամազի» հնամաշ անիվները երեւում են նաեւ Քննչական կոմիտեի տարածած լուսանկարում: Այս ընթացքում հայրը պարբերաբար մեքենայի մաս կամ յուղ է ուղարկել որդուն: Հայրը նաեւ ասաց, որ մեքենայի ղեկը խնդիր է ունեցել. «Յուղը պակասել, թափել էր, ես անձամբ առել եմ, հասցրել: Վերջին օրերին զանգեց, ասաց պապ՝ արգելակների խնդիր կա, օդը միշտ թողնում է, հենց կանգնում եմ, թողնում է...: Էդ երեխեն չէր ուզում գնար, իրենք իրավունք չունեին բարձել մեքենան՝ նույնիսկ յաշիկներով հանդերձ, նստելու տեղեր էլ չեն ունեցել»,- ասաց Էդգարի հայրը: Նա նշեց, որ ամեն անգամ, երբ որդին այդ մեքենայով ճանապարհ է ընկել, մշտապես մի խնդիր եղել է, երկու անգամ մեքենան հրդեհվել է, մեքենան զինծառայողին ի սկզբանե տվել են առանց շարժիչի: «Թյուրիմացություն էր այդ մեքենան, դա շարժվում էր երկու ամիսը մեկ անգամ: Սպաներ կային, որ իրոք օգնում էին իրեն, տարիքով մարդիկ՝ պահեստում աշխատող, զանգում էին, ասում՝ ինչ խելացի է էդգարը, քթածակով: Ես միշտ ասել եմ՝ տղա ջան, հասկացի, կսարքեն քո գլխին, գրի, որ սա չկա, նա չկա, ինձ ասում էր՝ պապ, ասում են՝ քշի, եթե չքշես, գրի, որ հրաժարվում ես: Մի անգամ էլ ասաց՝ պապ ջան, էնքան եմ ուրախացել, խոսակցություն կա, որ էս մեքենան արդեն դուրս են գրում, ինչ-որ նոր «Ուրալ» պետք է բերեն, ես էլ վերջին վարորդը կարող է լինեմ՝ քաղաքացիական, լինելու են նայոմնիկներ: Էդ երեխեն սպասում էր՝ երբ պետք է պրծնի էդ զիբիլից»,- պատմեց զինծառայողի հայրը: Վերջինս նշեց, որ որդին այդ մեքենայի պատճառով հոգեբանական սթերսի մեջ է եղել, մատները դեֆորմացված են եղել: Նա ասաց, որ Էդգարը որոշ ժամանակ անց չի ցանկացել ծառայել այդ զորամասում, ցանկացել է գնալ Արցախ, դիրքեր, որ զորացրվելուց ընկերներին պատմելու բան ունենար:
Արմեն Հունանյանը պատմեց, որ դեպքից մի քանի ժամ առաջ էր խոսել որդու հետ. «Ես գնացի աշխատանքի, ամբողջ հանրապետությունը գիտեր վթարի մասին, ես չգիտեի... 30 կմ-ը 3 ժամում չէին հասել...»:
Նշենք, որ դեպքի հետ կապված տաբեր վարկածներ են քննվում: Վարկածներից մեկի համաձայն՝ Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհով երեք մեքենա է ընթանալիս եղել. առջեւից ընթանալիս է եղել «Ուրալ» մակնիշի մեքենան, հետո «Օպելը», վերջում՝ «Կամազ» մակնիշի մեքենան: Ըստ ականատեսների՝ Ուրալը չի կարողացել հաղթահարել զառիթափը եւ նրա հետեւից գնացող մեքենաները՝ այդ թվում Կամազը, մի փոքր հետ են եկել: Այդ ընթացքում Կամազ մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը: «Երբ մի կերպ Էդգարին ուշքի են բերել, ընկերների մասին է հարցրել, երբ ասել են, որ ընկերները լավ են, ասել է՝ դե, հանգիստ կարամ մեռնեմ, տիրություն կանեք ...»,- հավելեց հայրը:
Ողբերգական վթարից մահացած Էդգար Հունանյանը մի քանի օրից՝ նոյեմբերի 20-ին, կդառնար 20 տարեկան. նա հունվարի 9-ին զորացրվելու էր: Էդգարը Հրազդան քաղաքից էր, զորացրվելուց հետո ցանկություն ուներ ուսումը շարունակել իրավաբանականում: Ողբերական դեպքի օրը նրա հայրն ու տատիկը ինֆարկտ են տարել: Վթարի հետեւանքով զոհվել է եւս երեք զինծառայող՝ Դավիթ Մելքոնյանը, Հայրապետ Նարինյանը եւ Հրանտ Գասպարյանը: 4-ն էլ մի քանի ամսից զորացրվելու էին: Վթարի հետեւանքով տասնյակից ավելի վիրավորներ կան, որոնց վիճակը բավարար է գնահատվում:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ընթանում է ծառայողական քննություն, որի նախնական արդյունքներով՝ արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ: Դեպքի առթիվ հարուցվել է նաեւ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Հարուցված քրեական գործի շրջանակում, ակայն, դեռ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան:
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com