1992 թվականի մարտի 30-ին Երևանում 31-ամյա կինը իր 12 տարեկան դստերը արտառոց ու դաժան պատժի ենթարկեց՝ նրա «համառությունը կոտրելու, կամակորությունն ու անհնազանդությունը նրա միջից հանելու» համար՝ իր խոսքերով: Մայրը «անհնազանդ» երեխային… հրկիզեց…
Կարինե Ո.-ն դստերը դաժանաբար ծեծելուց չհանգստանալով՝ նրան սառնասրտորեն կապկպեց բակում գտնվող մետաղե սյանը: Երեխայի լացին ու այլևս չարություն չանելու խոստումներին ուշադրություն չդարձնելով՝ Կարինեն դիզվառելիք լցրեց երեխայի վրա, վառվող լուցկին մոտեցրեց հագուստին, շրջվեց ու տուն մտավ…
Արտառոց միջադեպն ուղեկցվում էր երեխայի գոռոցներով , աղմուկով, հարևանուհիներից մեկը վրա հասավ, կապերից ազատեց երեխային, չթողեց, որ հագուստը բռնկվի:
Դաժանաբար պատժված աղջնակը նորից տուն գնաց: Սակայն Կարինեն դեռ չէր հանգստացել: Մոլեգնած կինը թղթի կտորը վառեց էլեկտրական սալիկից ու այրվող թուղթը մոտեցրեց երեխային՝ բղավելով. «Վառելու եմ, որ քեզանից պրծնեմ…»:
Երեխան ահաբեկված դուրս թռավ տանից: Այդ պահին վրա հասավ երեխայի խորթ հայրն ու հանգցրեց փոքրիկ մարմինը լիզող կրակը…
…Տարիներ առաջ Կարինեն ամուսնալուծվել, երկու դուստրերին վերցրել ու գյուղից Երևան էր եկել: Վարձով տուն էր գտել, իսկ հետո հանդիպել էր մի տղամարդու, երկրորդ անգամ էր ամուսնացել…
Թվում էր՝ կյանքը կարգավորվել էր, նա կարող էր լարվածությունը թոթափել: Բայց Կարինեն ավելի դյուրաբորբոք ու նյարդային էր դարձել: Նրա երկրորդ ամուսինը աշխատանք չէր գտնում, գրանցում էլ չուներ, հոգսերը կուտակվում էին ընտանիքի գլխին, իսկ Կարինեն ամբողջ զայրույթը թափում էր երեխաների, հատկապես ավագ դստեր՝ Անուշի վրա: Մորը թվում էր, թե ավագ դուստրը հոր նման իրասածի ու համառ է: Նա մտածում էր՝ նույնիսկ չնչին արարքի համար Անուշը պետք էխստագույնս պատժվի, որ հնազանդ աղջիկ դառնա…
Դեպքի օրը՝ 1992 թվականի մարտի 30-ին, Կարինեն ամուսնու հետ գնացել էր վերջինիս գրանցման ու աշխատանք գտնելու հարցերով զբաղվելու:
12-ամյա Անուշն ու 6-ամյա Նարինեն տանը մենակ էին մնացել: Որոշել էին «բժիշկ-բժիշկ» խաղալ: Դա Անուշի սիրած խաղն էր՝ նա ցանկանում էր բժիշկ դառնալ, հիվանդապահ մոր հետ պատահել է՝ գնացել էր հերթապահության, տեսել էր՝ ինչպես են աշխատում բժիշկներն ու բուժքույրերը:
Անուշը հագավ խորթ հոր սպիտակ վերնաշապիկը, փոքր քրոջը պառկեցրեց բազմոցին, ձեռքն առավ ներարկիչն ու դեղերի արկղից գտնելով պատահական հեղուկ դեղը՝ տվյալ դեպքում՝ դիմեդրոլը, ներարկեց երեխային:
Ներարկումից հետո երեխան վատ զգաց: Երբ մայրն ու խորթ հայրը տուն եկան, Նարինեն գանգատվեց մորը՝ գիտե՞ս Անուշն ինչ ա արել…
Ամուսնու գրանցման ու աշխատանք գտնելու հարցում դարձյալ անհաջողության մատնված Կարինեն միանգամից բռնկվեց ու հարձակվեց Անուշի վրա: Խորթ հայրը փորձեց միջամտել, Կարինեն գոռաց՝ չխառնվես, իմ երեխան է, ես եմ դաստիարակում…
Մայրը դաժանաբար ծեծեց երեխային, չհանգստացավ, քարշ տվեց բակ ու կապկպեց մետաղե սյանը՝ գոռալով, թե վառելու է… Նրա հետագա գործողությունները արդեն ներկայացվել են…
…2-3-րդ աստիճանի այրվածքներ ստացած ու ցավից տանջվող Անուշին հիվանդանոց հասցրին: Պարզվեց՝ մարմնի 45 տոկոսը այրվածքներ է ստացել… Երեխան հրաշքով ողջ մնաց, բայց մարմնի տարբեր հատվածներում այրվածքների սպիներ մնացին…
1992 թվականի հուլիսի 31-ին, չնայած երևանյան անտանելի շոգին՝ երեխան դատարան ներկայացավ երկարաթև հագուստով՝ ծածկելու համար մայրական պատժի ահավոր հետքերը:
Ամբողջ դատական նիստի ընթացքում Անուշը աչքերը չէր կտրում մորից, իսկ վերջինս անընդհատ լաց էր լինում ու խնդրում էր իրեն երեխաներից չբաժանել…
Կարինեն դատարանում պնդեց, թե դստերը հրկիզելու դիտավորություն չի ունեցել, դիզվառոլիքը լցրել է երեխայի վրա՝ միայն… վախեցնելու նպատակով… Պատահաբար երեխան դիպել է էլեկտրական սալիկին ու բռնկվել է… Կարինեն կատարվածը որպես անզգուշության հետևանք էր ներկայացնում ու խնդրում էր ներել իրեն…
Երբ Կարինեն հանդես եկավ վերջին խոսքով՝ խնդրելով իրեն ազատազրկման չդատապարտել, երեխաներին անմայր չթողնել, իրեն հնարավորություն տալ երեխաների հետ մնալու, մեղքը մայրական գուրգուրանքով քավելու, հանկարծ բոլորի համար անսպասելի՝ տուժող երեխան ոտքի ցատկեց ու գոռաց. «Մի՛ բաժանեք ինձ մամայից, ամեն բանում ես եմ մեղավոր…»:
Գերագույն դատարանի դատական կոլեգիան, միգուցե երեխայի պոռթկումից ազդված, որոշեց Կարինեին իրական ազատազրկման չդատապարտել:
Դատարանը հաշվի առավ, որ Կարինեն նախկինում դատապարտված չի եղել, անկեղծորեն զղջում է, խնամքին երկու անչափահաս երեխա ունի, և ավելի լավ է ՝ երեխաները մնան հարազատ մոր հետ, քան հանձնվեն մանկատուն…
Դատարանը Կարինե Ո.-ին դատապարտեց 5 տարի ազատազրկման, բայց այս պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով 5 տարի փորձաշրջան…
Նյութի աղբյուրը՝ 1in.am