Ներդրումների ոլորտում աշխուժացման նշաններ արդեն հիմա կան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա իր պաշտոնավարման ընթացքում տնտեսության ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում է ՀՀ-ից մենաշնորհների վերացումը, ինչը «Հայաստանի անկախության առաջին տարիներից եղել է տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը»:


«Երկրորդը համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարը, որը էլի տասնյակ տարիներով մասնագետների պնդմամբ, տնտեսության զարգացման կարեւորագույն խոչընդոտներից է: Հաջորդ տնտեսական հաջողությունը համարում եմ ստվերի դեմ պայքարը: 37 հազար աշխատատեղ ստվերից դուրս է եկել եւ արդեն հրապարակային դաշտում է գործում: Դրա մոտ 90 տոկոսը նախկինում եղած աշխատատեղերն են, բայց կան նաեւ նոր աշխատատեղեր, բայց թե որքան, չեմ կարող ասել: Ակնհայտորեն 10 տոկոսից ավելի չի կարող լինել»,-ընդգծեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է տնտեսության ոլորտում ձախողումներին, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ամենամեծ ձախողումը եւ խնդիրը համարում եմ այն, որ հանքարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը, որը բխում է ՀՀ շահերից, այնուամենայնիվ, որոշակի նեգատիվ ֆոն ստեղծում է ներդրումային միջավայրի համար: Բայց ես համոզված եմ, որ ներդրումային այդ ֆոնն անպայման կվերականգնվի: Անկեղծ ասեմ, մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված քննություն է ընթանում խոշոր ներդրումների մասով: Խոսքը նաեւ օտարերկրյա ներդրումների մասին է եւ այդ գործողությունները որոշակի անհանգստություններ, լարումներ են առաջացնում տարբեր երկրների ներդրումային միջավայրում՝ եւ ՌԴ-ում, եւ ԱՄՆ-ում, եւ Եվրոպայում: Բայց մենք ինտենսիվ աշխատում ենք, ներկայացնում ենք մեր շարժառիթը, որ այդ զգացողությունը չլինի»,-ասաց Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ Ամուլսարի հարցում մինչեւ գարուն փաստերի վրա հիմնված որոշում կկայացվի. «Միջազգային հեղինակավոր փորձագետները ասում են, որ այն շեշտադրումները, որ մենք անում ենք, դրանք լեգիտիմ հարցադրումներ են: Գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի հարցով եւ դրա կարեւոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը ամենահեղինակավոր որեւէ կազմակերպության կողմից: մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որ այդ հարցերի պատասխանն ստանանք: Դա լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար: Մեր հարցը կոնկրետ է՝ Սեւանի եւ Ջերմուկի ջրերի համար վտանգ կա՞, թե՞ չկա: եթե Վտանգ կա, նշանակում է, այդ նախագիծը պետք է փակվի: Եթե վտանգ չկա, պետք է աշխատի: Դա պետք է լինի փոխզիջումային տարբերակ, որովհետեւ եես ասել եմ, որ եթե այդ նախագիծը սկսեր զրոյից իմ վարչապոտության ժամանակ, ես կնախընտրեի, որ նման նախագիծ չիրականացվի այդ տարածքում:

Մենք մեծ խնդիրներ ունենք պարզելու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության հետ կապված: Այդ կարգի մեծ խնդիր ունենք պարզելու «Հյուսիս-Հարավ» նախագծի հետ կապված»,-իր խոսքն ամփսփեց վարչապետի պաշտոնակատարը: