Էներգետիկ շուկայի ազատական մոդելի անցումը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը կհանգեցնի: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, վերջին 6 ամիսների ընթացքում էներգետիկ ոլորտում մի շարք օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել, մասնավորապես, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները նախատեսում 2020 թվականից Հայաստանի էներգետիկ շուկայի ազատական մոդելի ներդրում:
«Դրա շնորհիվ կստեղծվի մրցունակ դաշտ մատակարարումների իրականացման համար, մեծածախ առեւտրի եւ թրեյդերների ինստիտուտ կներդրվի, կբարձրացվի բաշխիչ ցանցերում յուրաքանչյուր օղակի փոխադարձ պատասխանատվությունը», - ասաց նախարարի պաշտոնակատարը:
Դա, ըստ նրա, կհանգեցնի նրան, որ Հայաստանը կկարողանա ավելի էժան էլեկտրաէներգիա ներմուծել, ինչի արդյունքում սակագները կնվազեն: