Աստված մի արասցե, եթե որեւէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես այդ տեղեկատվությունն իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ ցանկացած այդպիսի մտադրության մասին ՀՀ ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ եւ կանխարգելման, պրոֆիլակտիկայի մակարդակում»,-ասաց նա:


Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ եղել է «ասողների» ինստիտուտ. «Ընդհուպ սեփականատերերը իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքի ղեկավարներն իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են եւ փորձում են ինչ-ինչ լծակներով ուղղորդել կոնկրետ քվեարկության: Սա եւս պետք է արմատախիլ արվի: Մեր խնդիրն է արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը: Անթույլատրելի է նման բանը եւ անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ եւ էական չէ սպառնալով, թե խնդրելով է դա արվում»:

Փաշինյանի խոսքով, իշխանության խնդիրն է ապահովել, որ ընտրությունները տեղի ունենան կատարյալ հավասարության պայմաններում, այսինքն որեւէ քաղաքական ուժի նկատմամբ խոչընդոտ չլինի, դահլիճները բոլորի համար հավասար ազատ լինեն: