Համացանցում է հայտնվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուների խոսակցությունը:
YouTube-ում հրապարակված տեսանյութում լսվում է, որ Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող օդանավի օդաչուն դիսպետչերներին հայտնում է, որ ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, բախվել է «նապաստակի» և որ դա որևէ կերպ չի խանգարի օդանավի անվտանգ թռիչքին:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն ավելի վաղ հաստատել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան մասին տեղեկատվությունը:
Մահացածի ինքնությունը հայտնի է, նա 1993թ. ծնված Ա.Գ. Եփրեմյանն է:
Հայտնի , որ տղամարդը հայրենիք էր արտաքսվել Իսպանիայից: Մադրիդից Մոսկվա չվերթի ժամանակ նա իրեն վատ է պահել, և օդանավի անձնակազմը վայրէջքից հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմինների օգնությանը:
Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով ընթանալու ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու:
«Նախնական տվյալներով, տղամարդը դուրս է եկել ավտոբուսից և սկսել վազել. նրան չեն հասցրել կանգնեցնել: Նա վազում էր թռչող ինքնաթիռի մոտ: Տպավորություն էր ստեղծվում, որ նա ցնորված է և փորձում է բռնվել շասսիից: Հավանաբար, այդպիսով նա ցանկանում էր լքել օդանավակայանի տարածքը»,- պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: Ավելի ուշ հաղորդվել է, որ մահացածը ՀՀ քաղաքացի է:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկովյան Շերեմետևո օդանավակայանում ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին հարվածել է ազգությամբ հայ մի տղամարդու։ Վերջինս մահացել էր։