Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 2018 թվականին աննախադեպ առաջընթաց է գրանցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` անդրադառնալով ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքներին:
«Համաշխարհային տնտեսական ֆորումը հանդիսանում է միակ միջազգային կազմակերպությունը, որը տարեկան կտրվածքով հաշվարկում և գնահատում է աշխարհի բոլոր երկրներում մրցակցային միջավայրը: Այս տարվա գնահատականներով Հայաստանը 2018 թվականին տնտեսական մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով և ներկայումս աշխարհի 140 երկրի շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն»,-ասաց Շաբոյանը:
ՀՀ-ն այս առումով առաջ է գտնվում նաև ԵԱՏՄ անդամ երկրների շարքում՝ Ռուսաստանը զբաղեցնում է 63-րդ, Ղազախստանը՝ 84-րդ, Ղրղզստանը՝ 102-րդ տեղը:
«Մենք գերազանցում ենք նաև տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներին։ Վրաստանը գտնվում է 80-րդ, Լիտվան՝ 87-րդ, Լատվիան՝ 58-րդ, Սլովակիան 82-րդ, Հունգարիան՝ 99-րդ, Մոլդովան՝ 119-րդ, Թուրքիան՝ 86-րդ հորիզոնականում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սոցիալական նշանակության այն ապրանքային շուկաներին, որոնք ունեն բարձր կենտրոնացվածություն, այսինքն՝ որտեղ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, քանի որ դրանք էլ կարող են, օգտվելով իրենց դիրքից, չարաշահումներ անել»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը:
Վերջինս շեշտեց, որ մրցակցային իրավիճակի վրա էականորեն դրական է անդրադարձել նաև ԵԱՏՄ անդամակցությունից հետո տասնյակ ոլորտներում թե արտահանող, թե ներկրող նոր տնտեսվարողների մուտքը: Շաբոյանն ընդգծեց, որ այդ ամենն աշխուժություն է մտցրել շուկայում՝ մի շարք ոլորտներում արձանագրելով կենտրոնացվածության նվազում: