«168 ժամ»-ն իր առաջնորդողում գրել է. «ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երեկ հետ է վերցրել նախօրեին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումը ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու և ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու վերաբերյալ: Ոչ դիմումը ներկայացնելուց առաջ, ոչ ներկայացնելիս, ոչ էլ, առավել ևս` հետ վերցնելիս Պարույր Հայրիկյանը որևէ հիմնավոր, հասկանալի բացատրություն չտվեց, ինչը հիմք տվեց նրա վերջին օրերի գործունեության շուրջ ամենատարբեր շշուկների, վարկածների, խոսակցությունների շրջանառությանը: Ամենատարածված վարկածն այն է, որ Հայրիկյանը «դիմում-օպերացիան» այս սցենարով խաղարկելու հարցում համաձայնության եկավ իշխանության հետ` դրանից բխող քաղաքական և նյութական հետևանքներով: Իշխանությանը, գործող նախագահ Սերժ Սարգսյանին, բնականաբար, ձեռնտու չէր ընտրությունների հետաձգումը, քանի որ այդ դեպքում, եթե անգամ իրավիճակը դուրս չգար վերահսկողությունից, ապա առնվազն լուրջ խնդիրներ կառաջանային իշխանության համար: Իհարկե, իշխանությունը կարող էր իրերի ընթացքը թողնել Հայրիկյանի «ինքնորոշմանը», և նրա դիմումը ՍԴ-ն կարող էր մերժել, ընդ որում, ոչ առանց հիմքի: Սակայն դա ավելորդ աղմուկի, միջազգային կառույցների կողմից որոշակի վերաբերմունքի պատճառ կարող է դառնալ, ինչից իշխանությունն, ըստ ամենայնի, լրջորեն մտահոգվում է: Այնքան որ, անգամ չի թաքցնում Հայրիկյանի հետ «աշխատելու» փաստը: Մասնավորապես` մինչ ՍԴ-ից դիմումը հետ վերցնելը, նախօրեին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում Պ. Հայրիկյանին է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել է Պարույր Հայրիկյանի շտաբի անդամ, նրա մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը, բնականաբար, չմասնավորեցնելով, թե ինչի մասին են նրանք զրուցել: Սա Ս. Սարգսյանի երկրորդ այցելությունն է Պարույր Հայրիկյանին: Եթե առաջին այցելությունը տեղի ունեցավ մահափորձի հաջորդ օրը և միանգամայն տեղավորվում էր վիրավորված մարդուն, քաղաքական գործչին քաղաքավարական այց կատարելու տրամաբանության մեջ, ապա այս կիրակի օրվա Սարգսյան-Հայրիկյան հանդիպումը դժվար է այդպիսին համարել: Ս. Սարգսյանն, ըստ ամենայնի, Պարույր Հայրիկյանին կամ խնդրել, կամ համոզել, կամ հորդորել, կամ սպառնացել է ՍԴ ներկայացրած դիմումը հետ վերցնել: Թե դրանցից ո՞րն է տեղի ունեցել, արդեն էական չէ: Էականն այն է, որ Հայրիկյանի մահափորձի շուրջ պատմությունը նույնքան անփառունակ ավարտ ունեցավ, որքան սրտակեղեք էր այն հանցագործության կատարման օրը` հունվարի 31-ին»:
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս


