Մենք պետք է շատ շուտ հասկանանք, թե որտեղ է մեր ֆուտբոլը եւ ինչպես անենք, որ ճիշտ համակարգ ստեղծենք մեր ներուժն օգտագործելու համար:
Այս մասին հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ազգերի լիգայի խմբային մրցաշարը: ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշարի խմբային փուլի վերջին 2 խաղերում հայկական թիմն օրեր առաջ հյուրընկալվելիս մրցել էր Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) հետ:
«Իմ գլխավորությամբ 4 խաղերի վերջնական արդյունքից գոհ չեմ, սակայն եղան խաղեր, որոնցից գոհ ենք արդյունքի առումով: Հարցեր առաջացան, որ 2-ական գոլ բաց թողեցինք Ջիբրալթարի եւ Լիխտենշտեյնի դեմ արտագնա խաղերում: Ջիբրալթարի դեմ 2 խաղերում էլ խաղում էինք առաջին համարով: Այստեղ մի վտանգ կա, որ երբ անդադար լինում ես մրցակցի դարպասի մոտ, սեփական կիսադաշտում առաջանում են ազատ գոտիներ: Ընդհանուր առմամբ, թիմային պաշտպանությունը մեզ մոտ կաղում էր: Հարձակման ժամանակ մեր պաշտպաններն ավելի լավն էին, քան թիմային պաշտպանության ժամանակ:
Մակեդոնիայի դեմ հաղթական խաղը միակն էր, որում մենք չունեինք առավելություն գնդակը վերահսելու առումով: Այդ խաղում մրցակիցը չունեցավ իրական գոլային պահեր, իսկ մեր թիմային պաշտպանությունն ավելի լավն էր: Մենք փորձում էինք ավելի շատ եզրերից գրոհել, եզրերում օգտագործել Կամո Հովհաննիսյանի ու Սարգիս Ադամյանի արագությունը: 5 գոլ խփեցինք հենց եզրերից, թեեւ աչքի ընկանք նաեւ կենտրոնից անցկացրած գրոհներով: Տակտիկական սխեմաները կարեւոր են, սակայն ավելի կարեւոր է, թե ինչպես թիմը կօգտագործի այն:
Եթե ուզում ես հասկանաս, թե որքանով էր ճիշտ մարտավարությունը, ապա պետք է նայես, թե քանի գոլային պահ է ստեղծել թիմը: Լիխտենշտեյնի դեմ վերջին խաղում մենք ունեցանք մի շարք գոլային պահեր: Չեմ կարծում, որ վերջին 2 խաղերում կար կենտրոնացվածության կամ մրցակցին թերագնահատելու խնդիր:
Ֆուտբոլում ամենակարեւորն արդյունքն է: Արդյունքը գոհացուցիչ չէր: Կարող էինք ավելի լավ արդյունք գրանցել, եթե որոշ բաներ ավելի հաջող դասավորվեին մեզ համար: Օրինակ՝ եթե լինեին Օզբիլիսը, Բաբայանը, Կալիսիրը եւ Իշխանյանը: Այդ դեպքում մրցակցությունն ավելի ուժեղ կլիներ, ինչը օգտակար կլիներ թիմին: Յուրա Մովսիսյանը հավաքական գալիս բարդ ճանապարհ է անցնում եւ 2 օր չի քնում, ինչը շատ բարդ է:
Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանության ցանկալի ու անցկացնկալի մրցակիցների մասին չեմ ցանկանա խոսել: Մենք պետք է շատ շուտ հասկանանք, թե որտեղ է մեր ֆուտբոլը եւ ինչպես անենք, որ ճիշտ համակարգ ստեղծենք մեր ներուժն օգտագործելու համար: Դեկտեմբերի 2-ին կլինի վիճակահանություն, ինչից հետո կհստակեցնենք մեր ծրագրեր
Պաշտպանությունում սխալների մասին կասեմ, որ դրանք անհատական սխալներ են, որոնք կապված են անհատական սխալների հետ: Դա կարելի է նվիրատվություն որակել: Այդպիսի բաներ լինում են ֆուտբոլում: Սակայն համաձայն չեմ, որ դրանք չափազանց շատ էին:
Հենրի Ավագյանին փորձարկեցինք Լիխտենշտեյնի դեմ խաղում, քանի որ դա վերջին հանդիպումն էր եւ այլ հնարավորություն չէր լինի: Երիտասարդներին փորձարկելը պետք է չլինի ինքնանպատակ, խաղացողը պետք է արժանանա դրան: Ինչ վերաբերում է Ալիկ Առաքելյանին, ապա համաձայն եմ, որ Լիխտենշտեյնի դեմ խաղում նա պետք է ստանար ավելի շատ խաղաժամանակ: Դա իմ սխալներից մեկն էր:
Ջիբրալթարից կրած պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում՝ նաեւ կազմի ընտրության հարցում: Դրա ամենամեծ մեղավորը ես էի, սակայն այդպիսի խաղեր լինում են: Տղաներն ամեն ինչ ներդնեցին այդ խաղում եւ 35 հարված կատարեցին մրցակցի դարպասին:
Ալեքսանդր Կարապետյանը մարզումների ժամանակ էլ շատ ագրեսիվ էր եւ թողեց շատ լավ տպավորություն: Եթե նա շարունակի նույն ոգով, ապա հետագայում անպայման կհրավիրվի հավաքական:
Հայաստանի առաջնությունում ֆուտբոլի մակարդակը բարձրացել է, սակայն չեմ կարող ասել, որ սա այն է, ինչ մեզ գոհացնում է: Շատ խաղերում քիչ են հանդես գալիս հայ ֆուտբոլիստներ: Ես՝ որպես, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, կցանկանայի, որ տեղացի ֆուտբոլիստներն ավելի շատ խաղային, սակայն, որ դա չլինի արհեստական:
Հայաստանի առաջնությունում լեգեոնականների լիմիտի մասին կասեմ, որ դա օգուտ չի բերի մեր ֆուտբոլին: Օրինակ՝ «Լոռին» լավ ֆուտբոլ է խաղում լեգեոնականներով, իսկ մեր խաղացողներն ավելի ուժեղ են դառնում նրանց դեմ խաղալով: Նույն «Լոռին» չունի մեծ ակադեմիա: Իմ ցանկաությունն է, որ մենք բացենք ոչ թե թիմեր, այլ ակումբներ, որոնք կունենան ենթակառուցվածքներ ու ակադեմիաներ: Այդ դեպքում այդ ակումբները ֆուտբոլիստներ կարող են պատրաստել ահավաքականների համար:
Մինչեւ 19 տարեկանների նախորդ ելույթները դիտել եմ: Պետք չէ մոռանալ, թե ում հետ էին նրանք խաղում: Այդ թիմի որոշ խաղացողներ հետագայում կարող են օգտնել ազգային հավաքականին:
Ինչ վերաբերում է ֆիզպատրաստության նոր մարզիչին, կարծում եմ՝ հայկական ֆուտբոլն ունի այսպիսի հաղթողի հոգեբանությմբ մասնագետների կարիք: Այդպիսի մարզիչները ոչ միայն ֆիզիկապես են պատրաստում խաղացողներին, քայլեւ նրանք մարզիչի առաջին օգնականն են եւ նաեւ կատարում է հոգեբանի աշխատանք: Նա մեծ օգուտ կբերի մեր հավաքականին: Գիտեմ նաեւ, որ ՀՖՖ-ն այժմ բանակցում է համաշխարհային կարգի տեխնիկական տնօրենի հետ, որը պետք է վերապատրաստի Հայաստանի մարզիչներին:
Ինչ վերաբերում է սերնդափոխությանը, ապա դա անհրաժեշտ է, սակայն պետք է արհեստական չլինի: Ֆուտբոլիստը պետք է հասունանա ու իր խաղով ապացուցի, որ արժանի է հավաքականում խաղալուն: Դա եղավ Պետրոս Ավետիսյանի դեպքում: Մենք ունենք Վահան Բիչախչյան, Հովհաննես Հարությունյան, Ալիկ Առաքելյան, Արթուր Քարտաշյան, որոնք ունեն լավ որակներ: Նրանք պետք է շատ աշխատեն ու արժանանան հավաքականում խաղալուն»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել է հոկտեմբերի 7-ին՝ փոխարինելով հրաժարական ներկայացրած Վարդան Մինասյանին: Դրանից առաջ Գյուլբուդաղյանցը գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը: Նրա գլխավորությամբ ազգային թիմն Ազգերի լիգայում անցկացրեց 4 հանդիպում՝ պարտվելով ու հաղթելով Ջիբրալթարին (0:1, 6:2) ու ուժեղ գտնվելով Մակեդոնիայից (4:0) եւ ոչ ոքի խաղալով Լիխտենշտեյնի (2:2) հետ:
Ազգերի լիգայի D դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ լքեց պայքարը: Առաջին տեղով հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքեց 15 միավոր: Ջիբրալթարը պայքարն ավարտեց 6 միավորով, իսկ Լիխտենշտեյնը՝ 4: