Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունը, որ Արցախի պատերազմի եւ թավշյա հեղափոխության հաղթանակների անհաջող, անտեղի համեմատությունն էր, արժանացավ հանրային ամենատարբեր շերտերի բուռն արձագանքներին:
Ակնառու էր, որ Սասուն Միքայելյանն ամենեւին չէր ուզել ասել կամ անել այն, ինչ վերագրվեց նրան թավշյա հեղափոխության այսպես ասած ընդդիմախոս շրջանակներից: Միքայելյանը արել էր անհաջող ձեւակերպում, բայց կամա թե ակամա շոշափել հույժ կարեւոր եւ արդիական խնդիր:
Նա, եւ ընդհանրապես որեւէ քաղաքական գործիչ պետք է իր թե գրավոր, թե բանավոր տեքստերին մոտենա կամ լրջագույն պատասխանատվությամբ, կամ չմոտենա ընդհանրապես, Բայց կասկածից վեր է նաեւ, որ Միքայելյանը դիպել է հիմնարար խնդրի, որը գործնականում պետք է լիներ հայկական դիսկուրսի առանցքը հենց արցախյան պատերազմից անմիջապես հետո:
Այդ իմաստով, Սասուն Միքայելյանի նախընտրական ելույթը գործնականում անսպասելիորեն բացեց հայկական պետականության ինչ որ պահից ծռված մեխը:
Արցախի առաջին պատերազմի հաղթանակը գործնականում հայկական ժողովրդավարության հաղթանակն էր, եւ ոչ միայն հայկական ռազմական մտքի եւ կամքի: Արցախի պատերազմի հաղթանակը գործնականում սկզբնավորվել էր Արցախի շարժման հիմքով, ինչն էլ իր հերթին որպես հիմք ուներ արդիական քաղաքականության եւ ԽՍՀՄ անխուսափելի փլուզման պայմաններում հետագա աշխարհակարգի վերաբերյալ համարժեք պատկերացումներն ու դրանց հիման վրա ձեւավորվող ռազմավարությունն ու հայեցակարգը:
Վերջին հաշվով, հենց այդ դաշտում դատապարտվածությունն էր նաեւ, որ հանգեցրեց հայկական շարժմանը ռազմական, բռնի գործիքներով հակադրվելուն եւ պատերազմի: Բայց, ժողովրդավարական հենքը մնաց նաեւ պատերազմի տակ, եւ դրա վրա կառուցվեց կամային, հայրենասիրական, ռազմական գործոններից կազմված հաղթանակը, եւ այդ ժողովրդավարական, քաղաքակրթական հենքով թելադրված առավելությունն էր նաեւ, որ պատերազմի հաղթանակը դարձրեց միջազգայնորեն լեգիտիմ ուժային գործնականում բոլոր կենտրոնների համար:
Այդ իմաստով՝ ժողովրդավարական շարժման, դրան հաջորդած պատերազմական փուլերին պետք է անմիջապես հաջորդեր արդեն այդ երկու փուլերի վրա կառուցված հայկական նոր պետականության քաղաքակրթական արդիականացման եւ դրա միջոցով հաղթանակի ամբողջացման փուլը: Երրորդ փուլ սակայն հայկական պետականությունը չթեւակոխեց:
Թե ինչ փուլ թեւակոխեցինք դրա փոխարեն, հայտնի է եւ չկա ավելորդ նկարագրության կարիք: Պարզապես այդ փուլն արդեն ինքնաբերաբար մսխում էր արցախյան երկփուլ, բայց առանց այդ էլ ոչ ամբողջական մնացած հաղթանակը: Ընդ որում, թերեւս կարելի է պատկերացնել այդ հաղթանակի ահռելի ուժը, որ անգամ քառորդ դար հետեւողական մսխվելու պարագայում այն պահել է թե ինքն իրեն, թե նաեւ հայկական պետականության միջազգային սուբյեկտության եւ ինքնիշխանության նվազագույն մի աստիճան, թույլ չտալով հատել ճակատագրական կարմիր գիծը:
Մյուս կողմից, սակայն, մսխման, սպառման համակարգի պայմաններում այդ կարմիր գիծը որոշակի ժամանակահատվածում լինելու էր անխուսափելի: Այդ իմաստով, թավշյա հեղափոխությունը կանգնեցնում է Հայաստանի, ու ըստ այդմ երկփուլ, սակայն չամբողջացած արցախյան հաղթանակի՝ հայրենասիրական կենացներով ու պաթոսով, սակայն սեփականատիրական անհագ ախորժակով ուղեկցվող վտանգավոր ընթացքը դեպի անխուսափելին:
Քառորդ դար անց թավշյա հեղափոխության շնորհիվ հայկական պետականությունը ստանում է «հետաձգված» երրորդ փուլի եւ ըստ այդմ պետականության հիմքում դրված երկփուլ հաղթանակի ամբողջացման հնարավորությունը: Դա է թավշյա հեղափոխության կարեւորագույն նշանակությունը, որի հետ համեմատելի չէ արցախյան հաղթանակը, որովհետեւ ընդհանրապես գործ ունենք ոչ թե համեմատելիների, այլ մեկ ամբողջության երեք անհրաժեշտ փուլերի հետ:
Առանց ռազմական հաղթանակի հեռանկար չուներ առաջին փուլը, առանց թավշյա հեղափոխության հաղթանակի հեռանկար չուներ երկրորդ փուլը, առանց առաջին երկու փուլերի հաղթանակի հեռանկար չէր ունենալու թավշյա հեղափոխությունը կամ հայկական պետականությունը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am