Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կողմնակիցները, որը մեղավոր է ճանաչվել անչափահաս մարմնավաճառի հետ կապերի մեջ, ի պաշտպանություն վերջինիս բողոքի ցույց են կազմակերպել «մենք բոլորս մարմնավաճառ ենք» գոչերով: Այս մասին գրում է իտալական Gazzeta del Sud պարբերականը: Բողոքի ակցիան տեղի է ունեցել հունիսի 25-ին Հռոմի կենտրոնում գտնվող Ֆարնեզե հրապարակում:

Որպես ցույցի կազմակերպիչ հանդես է եկել աջ թևին պատկանող Il Foglio պարբերականը և մասնավորապես նրա գլխավոր խմբագիր Ջուլիանո Ֆերարարան Բերլուսկոնիի ամենամոտ ընկերներից մեկը: Ակցիայի նախօրեին համացանցում նա տեղադրել է տեսանյութ, որտեղ իր շուրթերը ներկում է կարմիր շրթներկով: Պարբերականի կայքում նա կոչ է անում դուրս գալ ցույցի:

Il Foglio պարբերականը Բերլուսկոնիի դատավճիռը համարել է «բարբարոսական պատիժ»: Ջուլիանո Ֆերարիի խոսքերով դատավճիռը խայտառակում է իտալական արդարադատության համակարգը` այն հասցնելով Աֆղանստանի և Իրանի մակարդակին:

Համաձայն իտալական L’Unione Sarda պարբերականի ցույցի ժամանակ հավաքվել է շուրջ 300-400 մարդ, որից 100-ը եղել է լրագրող: Ցույցի ժամանակ նկատել են նաև Բերլուսկոնիի այժմյան կնոջը 27 ամյա Ֆրանչեսկա Պասկալեին: