Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հավաստեց, որ երկրում հոգևոր մշակութային բնագավառում նահանջ է արձանագրվում: «Ես կարող եմ հազիվ 3 մտավորականի անուններ նշել, որոնք լուռ փորձում են աշխատել և ինչ որ բան ստեղծել: Այդ թվում կնշեմ Գագիկ Գինոսյանի, Ռուբեն Բաբայանի և Վահան Արծրունու անունները, ովքեր իսկապես անում են իրենց աշխատանքը»,- նշեց Վարդանյանը: Նա նաև հավելեց, որ լուրջ խնդիրներ կան կապված լեզվի հետ, թե ինչ լեզվով են խոսում փողոցում, հեռուստատեությունում, այլ լրատվամիջոցներում, և, ընդհանրապես, ամենուր: «Իշխանության կողմից արհեստական հանգստություն ստեղծելը ճիշտ քայլ չէ: Երևացող ամենաբարձր պաշտոնյաները, ովքեր կարծում են, որ բոլորն էլ տարբերվում են իրարից, սխալվում են, իրականում բոլորն էլ նույնն են»,- ավելացրեց Վարդանյանը: Անդրադառնալով տեղի ունեցող թանկացումներին՝ Վարդանյանը նշեց, որ ոչ ոք չգիտի՝ որն է սուբսիդավորման աղբյուրն ու ձևը: «Մենք պարտավոր ենք այլընտրանք ունենալու: Անկախ նրանից, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Եվ ամենևին էլ պետք չէ գազը թանկացնելուց հետո միայն մտածել, թե ինչ ենք անելու»,- պարզաբանեց Վարդանյանը: Նա նաև խոսեց Պռոշյանի գյուղապետի սպանության մասին՝ նշելով, որ այօր գերխնդիրներից մեկը սպանության բացահայտումն է: «Եվ այստեղ հարցն այն չէ, որ Հրաչ Մուրադյանը Դաշնակցական է եղել, այստեղ խնդիրը երևույթն է, որն անհապաղ լուծում պետք է ստանա»,- եզրափակեց պատգամավորը:
Ո՞վ գիտի՝ որն էր գազի սուբսիդավորման աղբյուրը. Աղվան Վարդանյան
