Աստղիկ Սաֆարյանը երեկ ներկայացրել է նոր տեսահոլովակ։ Տեսահոլովակը նոր է, բայց երգն արդեն վաղուց հայտնի ու սիրված։ Հարութ Փամբուկչյանի կատարմամբ հայտնի «О քամի, քամի» երգը այս տարիների ընթացքում դարձել է նաեւ Աստղիկի այցեքարտը, ահա, թե ինչու երգչուհին որոշեց այն ներկայացնել նաեւ տեսահոլովակով։ NEWS.am STYLE-ը շնորհավորել է Աստղիկին նոր տեսահոլովակի առթիվ եւ զրուցել իր երաժշտական նորության մասին։ Աստղիկը նաեւ մեզ է տրամադրել լուսանկարներ տեսահոլովակի նկարահանումներից։

 

«Նոր տեսահոլովակս նկարահանվել է երկրպագուներիս խնդրանքով ՝ նրանց ամենասիրելի երգի հիման վրա։ Խոսքը «Օ քամի, քամի» երգի մասին է, որի իմ մեկնաբանությունն արդեն տարիներ շարունակ հանդիսանում է իմ այցեքարտը»,-նշեց երգչուհին։

«Ուրախ եմ, որ այսօր այդ երգը ներկայացնում եմ տեսահոլովակով։

 

Երգն արդեն երկար տարիներ է՝ սիրված է և իմ բոլոր համերգների ամենասպասված կատարումներից մեկն է միշտ եղել։ Ամեն համերգից հետո ինձ մոտեցել են շատ շատերը և խնդրել, որ երգը ներկայացնեմ նաև տեսահոլովակով։ Միշտ ստանում եմ նամակներ նմանատիպ խնդրանքներով, որոշներն անգամ զարմանում էին՝ իմանալով, որ այն, լինելով այդքան սիրված, այդպես էլ տեսահոլովակ չէր ունեցել։ Սա կարելի է ասել ավելի շատ իմ լսարանի ցանկության իրականացումն էր»,-հավելեց երգչուհին։

 

Տեսահոլովակը նկարահանվել է Երևանում, ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է, օպերատորներ՝ Հովհաննես Պողոսյան ու Վարուժան Գալտակյան, դիմահարդարումն արել է Մարի Աբելյանը, իսկ ոճով զբաղվել է ինքը՝ Ատղիկը։

 

«Չկա հատուկ սցենար, հերոսներ, քանի որ չենք փորձել նման մոտեցումներով ծանրացնել տեսահոլովակը, ավելի շատ փորձել ենք աշնանային գունեղ տրամադրություն ստանալ, մերօրյա երիտասարդական ոգով փոխանցել երգի ուժը և ևս մեկ անգամ նոր շունչ տալ երգին արդեն տեսահոլովակի միջոցով։ Արդյունքն ինձ դուր է եկել, հուսամ այն դուր կգա նաև իմ լսարանին և նորովի կվերհիշեն ու ավելի կսիրեն երգն ու տեսահոլովակը»,-եզրափակեց նա։