Սարսափ ժանրի ֆիմերի սիրահարների համար լավ նորություն ունենք։ Ամերիկյան միստիկ պատմություններից հերթականը կապված կլինի հայկական գյուղի հետ։
Հայաստանում տեղի են ունենում սարսափ ժանրի նոր հեռուստասերիալի նկարահանումներ։ EvilTouch («Չարի հպում»)` այսպես է կոչվում ամերիկյան արտադրության նոր հեռուստանախագիծը, որը նկարահանվում է Blitz Films ընկերության եւ Associated television-ի նախաձեռնությամբ։ Ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Սարկիոսվն է։
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը կոմերցիոն նախագիծ է, որը ստեղծված է ամերիկյան շուկայի համար, ինչը հնարավորություն կընձեռի արտասահմանյան կինոգետներին պատկերացում կազմել հայաստանյան ֆիլմարտադրության մասին։
NEWS.am STYLE-ը սերիալի մանրամասների շուրջ զրուցել է Blitz Films ընկերության ներկայացուցչի հետ։
Այսպիսով՝ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Հայատանում։ Ֆիլմի հերոսներն այստեղ են հայտնվում ճանապարհորդության ժամանակ։ Նրանք Հայաստան են գալիս՝ որպես զբոսաշրջիկներ եւ ավտովթարի են ենթարկվում, ինչի հետեւանքով հայտնվում են տարօրինակ մի գյուղում, որտեղ էլ սկսվում են մութ պատմությունները... Պարզվում է՝ տեղացիները գյուղում դեւի են բանտարկել, որը ազատ արձակվելու դեպքում կարող է միանալ մյուս դեւերին, որոնց հպումով էլ տարածվում է չարությունը։
Ֆիլմի ստեղծագործական կազմն առայժմ նախատեսում է ներկայացնել մեկ եթերաշրջան, որը բաղկացած կլինի 6 մասերից։
Սերիալի նկարահանման աշխատանքները տեղի են ունենում Գառնիում, Դաշտադեմում, Աշտարակում եւ Երեւանում։
Գլխավոր դերերում հանդես են գալիս ամերիկացի եւ բրիտանացի երիտասարդ դերասաններ՝ Ջենիֆեր Վիլը, Ջո Նեսիվոչը, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքին, Մելանի Գոլդբերգը եւ Դենիել Քովիչը։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ հայ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանն ու Արսեն Գրիգորյանը։
Ալեքսանդր Խաչատրյանը մարմնավորում է Սանասարին՝ գյուղի առաջնորդին, որի մեջ փակված է դեւը։ Արսեն Գրիգորյանի հերոսը Ժոզեֆն է՝ Սանասարի օգնականը, որը շուտով դադարում է ենթարկվել Սանասարին, քանի որ ունի սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է շարունակվի կյանքը գյուղում։
Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2019 թ-ի երկրորդ կեսին։