Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի այն հայտարարություններով, որոնք նախընտրական արշավի ընթացքում հնչում են անվտանգության հարցերի և Արցախյան խնդրի վերաբերյալ՝ կապված Հայաստանի իշխանության «բանակը թուլացնելու» քաղաքականության հետ, կապված Հայաստանի և Արցախի միջև հակասություններ առաջացնելու հետևողական ջանքերի՝ սադրանքների հետ, կապված Հայաստանը իբրև թե թավշյա հեղափոխությունից հետո սպառազինություն չստանալու հետ:

Այդ հայտարարությունները արդեն օրեր շարունակ բավականին հետևողական և աշխույժ կերպով գեներացնում են նախկին իշխող համակարգի, նախկին իշխող ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի տարբեր ներկայացուցիչներ՝ դարձնելով ըստ էության իրենց քարոզչական արշավի առանցքը, թեև դեռևս թավշյա հեղափոխությունից հետո բավականին նկատելի էր, որ հեռացող համակարգը նոր իրականության թիրախավորման համար զինվում է հենց այդպիսի թեմաներով:

Սակայն դրանք իրենց բովանդակությամբ, այսպես ասած՝ թիրախային հստակությամբ առանձնապես վտանգավոր բնույթ ստացան նախընտրական արշավին զուգահեռ՝ վտանգի տակ դնելով թե՛ Հայաստան-Արցախ հարաբերությունը, թե՛ Հայաստանի անվտանգային-քաղաքական դիրքերը միջազգային հարթակներում, մասնավորապես եվրասիական համակարգում, որտեղ ներկայումս Երևանը փորձում է առարկայորեն բարձրացնել Հայաստանի շահերը:

Եթե այդ համատեքստում ՀՀԿ-ՀՅԴ տանդեմից հնչող հայտարարությունները չունենային պետական անվտանգությանն ակնհայտ սպառնալիք պարունակող հայտարարություններ և լինեին պարզապես քաղաքական օրակարգ ձևավորելու շեշտադրումով, ապա դա հնարավոր էր միայն ողջունել ու դիտարկել հենց պետականության համատեքստում, որ պետք է լինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մտահոգության առարկան: Արցախի հարցը, դրա շուրջ քննարկումները քաղաքական օրակարգ բերելու, քաղաքական դիրքորոշումներ ձևավորելու, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերը նախընտրական շրջանի հիմնական քննարկումների առարկա դարձնելու քայլերը կլինեին միանգամայն ողջունելի և անհրաժեշտ:

Սակայն խնդիրն այն է, որ դրա փոխարեն արվում են հայտարարություններ, որոնք միտված են ոչ թե այդ հարցերի շուրջ հանրային-քաղաքական քննարկումներ գեներացնելուն, այլ հասարակության տարբեր շերտերում խուճապ, կասկածներ, հակասություններ գեներացնելուն, ընդ որում՝ կանգ չառնելով այն իրողության առաջ, որ դա կարող է տարածվել անգամ Հայաստան-Արցախ հասարակական փոխհարաբերությունների վրա: Հայտարարությունների սադրիչ բնույթն ու, այսպես ասած, ապաքաղաքական՝ խմբային կամ խմբակային նպատակը հուշում է, որ «ընդդիմախոսությունը» բացարձակապես զուրկ է փաստարկներից, որոնք հանրությանը կստիպեն իսկապես մտածել, եթե կան խնդիրներ և ուժգնացող մարտահրավերներ: Դրա փոխարեն «ընդդիմախոսությունը» պարունակում է միայն խուճապի և անվստահության ակնառու չափաբաժին, որն այլ բան չէ, քան նաև ուղղակի թե անուղղակի օժանդակություն հակառակորդին:

Այս համատեքստում բավականին տեղին է իրավիճակն այլևս ոչ միայն քաղաքական, այլև իրավական գործիքներով չափելու և ըստ այդմ արձագանքելու անհրաժեշտությունը, որի մասին էլ նախօրեին բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը՝ այդօրինակ կեցվածքը բնորոշելով «դավադիր պատերազմի հրձիգություն», երբ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերը իրենց, այսպես ասած, «քաղաքական կյանքը» փրկելու համար ակնհայտորեն պատրաստ են արդեն կանգ չառնել պետության և քաղաքացիների կյանքի համար սպառնալիքներ առաջացնելու առաջ: Իսկ այն, որ արտաքին հարթությունում անմիջապես կգտնվեն այդ մարտավարության աջակիցներ՝ կասկածից վեր է, և առաջին հերթին, իհարկե, հայ-ադրբեջանական սահմանից այն կողմ, որովհետև Հայաստանի նախկին իշխանությունից ավելի մեկ էլ Ադրբեջանի ներկայիս իշխանությանն էր անհանգստացրել Հայաստանում ժողովրդական-ժողովրդավարական թավշյա հեղափոխության հանգամանքը:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am