Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը, ժամը 11:00-ին:
Քոչարյանը այսօր դատարանում ելույթ ունենալիս նկարագրել է, թե ինչ պայմաններում, ինչ ելակետային տվյալների հիման վրա է արտակարգ դրություն մտցրել:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Պարոն Քոչարյանը դատարանում ուղղակի նկարագրեց այն իրավիճակը, որը գոյություն ուներ, երբ որ իր կողմից այդ գործողություններն իրականացվել են: Նկարագրեց, թե ինչ էր կատարվում, ինչ մտավախություններ կային»,- ասաց պաշպանը:
Նա անդրադարձավ նաեւ 0038 հայտնի հրամանին, թե ինչ մասով են այն ապօրինի համարում: Նա նշեց, որ իրենք չեն ասում, որ այդպիսի հրաման գոյություն չի ունեցել: «Այդ հրամանի տեքստը դուք այնպես եք պատկերացնում: Հիմա երբ որ դուք կարդաք այդ հրամանը, շատ կհիասթափվեք: Մենք չենք ասում՝ այդպիսի հրաման չի եղել, բայց ասում ենք, որ այն, ինչ գործի մեջ դրված է, չի համապատասխանում… Մենք ասում ենք՝ դա ՊՆ-ից չի վերցված, հենց այն հրամանից չի վերցված, որն իրականում գոյություն է ունեցել: Թե հիմա իրական հրամանը ինչով է տարբերվելու այն հրամանից, որը կա գործի մեջ, այ դա է մեզ հետաքրքրում»,- ասաց նա: Հարցին, թե Քոչարյանը հիշո՞ւմ է հրամանի բնագիրը, նա պատասխանեց. «Պարոն Քոչարյանն այդ հրամանի հետ կապված որոշ բաներ ասել է, որը ես հիմա չէի ուզի հրապարակել»:
Դիտարկմանը, որ առանց գերագույն հրամանատարի, պաշտպանության նախարարը չէր կարող նման հրաման արձակել, Ալումյանն ասաց. «Այս շենքն ամբողջությամբ վերակառուցվել է նախագահ Քոչարյանի կողմից, բայց կարող էր Քոչարյանն այս շենքի հետ կապված որեւէ գործընթացից տեղյակ չլինել»։ Դիտարկմանը, որ նա գլխավոր ճարտարապետը չէ՞ր, Ալումյանը պատասխանեց, որ եթե օրենքի մեջ նայենք, ապա կտեսնենք, որ գերագույն հրմանատարն ընդամենը մեկ լիազորություն ունի, որը ընդհանրապես քննարկվող հարցի հետ կապ չունի: Մեր հարցին՝ այսինքն Քոչարյանը ծանոթ չի՞ եղել, որ պաշտպանության նախարարը նման հրաման պետք է արձակեր, Ալումյանը պատասխանեց. «Այ դա հիմա չեմ ուզում մեկնաբանել...»:
Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրամանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործում հայտնվել է միայն 2018 թվականի հուլիսին: 0038 գաղտնի հրամանով՝ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի մինչեւ հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում պետք է ստեղծվեին սպայական խմբեր` զինված տաբելային զենքով: Երեւան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով պետք է ստեղծվեր կայազորի պետի վարչակազմ:
ՀՔԾ պետը հրապարակել էր նաեւ գաղտնի հրամանի 3-րդ կետը, որում մասնավորապես նշվում է հետեւյալը. ««ՀՀ ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների եւ առանձին զորամասերի հրամանատարներին՝ ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ, հավաքական ստորաբաժանումներ հետեւյալ հաշվարկով՝ բանակային կորպուսներից 100-ական հոգի: Ստեղծված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի եւ ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով»:
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com