Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, հավանաբար, ներկա կլինեն արգենտինական «Ռիվեր Փլեյթի» եւ «Բոկա Խունիորսի» միջեւ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 9-ին Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոն «Սանտյագո Բեռնաբեուում»:
AS-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ ստադիոնի նախագահական օթյակում իր կողքը նստեն Ռոնալդուն ու Մեսին: Այդ կերպ Պերեսը ցանկանում է 2 ֆուտբոլիստներին արժանին մատուցել ֆուտբոլում նրանց արժանիքների համար: Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CONMEBOL) ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հավանություն են տվել այդ գաղափարին:
Հիշեցնենք, որ «Ռիվեր Փլեյթի» եւ «Բոկա Խունիորսի» միջեւ եզրափակիչը հետաձգվել էր, քանի որ հանդիպման օրը ֆանատներն անկարգություններ էին սարքել: Ավելի ուշ որոշվեց, որ խաղը պետք է անցկացվի Արգենտինայից դուրս:
«Բոկա Խունիորսի» ու «Ռիվեր Փլեյթի» միջեւ եզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Այս թիմերն առաջին անգամ են հանդիպում Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում։