Նախընտրական արշավի առանց այդ էլ բավականին ամպոտ երկնքում դեկտեմբերի 5-ին պայթեց գաղտնալսման նոր սկանդալ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ արդեն հայտնի հին գաղտնալսման նոր սերիան, այս անգամ ԱԱԾ պետի և վարչապետի հեռախոսազրույցում, նույն հայտնի թեմայի շուրջ: Հատկանշական է, որ ինչպես առաջինը, այնպես էլ շարունակությունը հրապարակվում են նախընտրական շրջանում: Առաջինը Երևանի քաղաքապետի ընտրությանն էր, երկրորդը՝ արտահերթ խորհրդարանական ընտրության շրջանում: Սովորաբար հանրությունն աշխուժորեն սկսում է քննարկել հնարավոր վարկածները: Առաջին գաղտնալսումն ու դրան հաջորդած զարգացումները թերևս վկայեցին, որ արտաքին վարկածը բացառվում է: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ օրեր առաջ դեռևս առաջինի քննության գործով հայտարարել էր, որ գաղտնալսումն իրականացվել է Հայաստանի տարածքից, իրականացրել է «հայտնի մարդ», բայց որի հանդեպ ապացույցներ չկան:
Այդպիսով թերևս միարժեք է, որ հարցը ներքին է: Անկասկած է, որ առանց այդ էլ ըստ էության բևեռացված ընտրարշավը այս գաղտնալսումը բևեռացնում է էլ ավելի: Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին արդեն կոչ է արել հնարավորինս մեծ վստահության քվե տալ, որպեսզի իշխանությունը էլ ավելի ինտենսիվացնի կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը խոչընդոտելու համար էլ նախկին համակարգը, ըստ Փաշինյանի, գործադրում է ցանկացած ճիգ, այդ թվում՝ գաղտնալսումը: Այստեղ, իհարկե, հնարավոր էֆեկտի կամ վնասի մասին կարող ենք անել ամենատարբեր դատողություններ: Մի կողմից, իհարկե, գաղտնալսումը հարված է թե՛ նոր իշխանությանը, թե՛ նախկին համակարգին և այդ իմաստով կարող է շահել, այսպես ասած, «երրորդ ուժը»: Մյուս կողմից հարց է առաջանում, թե ո՞վ է այդ երրորդ ուժը՝ ընտրությանը մասնակից մյուս կուսակցություննե՞րն են, թե՞ նրանք իրականում կորցնելու են իրավիճակի հերթական բևեռացումից կամ ծայրահեղացումից, իսկ շահող ուժը լինելու է բոլորովին այլ տեղում՝ արտահերթ գործընթացից դուրս:
Հնարավոր է քննարկել ամենատարբեր վարկածներ, և այստեղ, իհարկե, շարժառիթներն ու շահերը խիստ բազմազան են: Այդ իմաստով, թերևս, ավելի ճշգրիտ դիտարկման հնարավորություն կտա առաջին գաղտնալսման պատմության վերհիշումը և այն արդյունքի դիտարկումը, որ ունեցավ այդ գաղտնալսումը: Փաստ է այն, որ, եթե ինչ-որ մարդիկ ծրագրում էին հարվածել գործող իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին կամ ԱԱԾ պետին, նրանց այդ մտադրությունը ձախողվեց և ունեցավ լրիվ հակառակ էֆեկտ՝ 81 տոկոս արդյունքով: Եվ ավելին, դրանից հետո գործընթացները զարգացան ավելի արագ, և ինչ-որ իմաստով նաև դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրության հարցում իր դերն ուներ այդ գաղտնալսումն էլ: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչ է արագացնելու գաղտնալսման շարունակության, երկրորդ մասի հրապարակումը՝ դեկտեմբերի 9-ին քվեարկությունից առաջ: Այն, ինչ արագացնում է, կարտահայտվի՞ մինչև դեկտեմբերի 9, թե՞ դրանից հետո: Այստեղ, իհարկե, հատկանշական է դիտարկել նաև այն, որ գաղտնալսումը հրապարակվում է ոչ միայն նախընտրականին զուգահեռ, այլ նաև Վերաքննիչ դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործի նոր քննությանը զուգահեռ, որտեղ պետք է որոշվի՝ վերադառնո՞ւմ է նա կալանավայր, թե՞ ոչ: Առաջին գաղտնալսումը ըստ էության բերելով իհարկե նոր իշխանության հասցեին քննադատության ալիք՝ անվտանգության, ինչպես նաև դատական իշխանության հանդեպ ճնշումների առնչությամբ, մյուս կողմից, սակայն, անկասկած և բավական ակնառու կերպով ուժեղացրեց նոր իշխանությանը: Երկրորդ «սերիան» անշուշտ կբերի նոր ալիք, այդ իմաստով, սակայն, մյուս կողմից քանի որ խոսքը նոր մասի, սակայն հին թեմայի մասին է, այս դեպքում, թերևս, այդ ալիքի էֆեկտը կլինի թույլ, ի վերջո, դա մի բանի շուրջ է, որ արդեն իսկ շատ քննարկվել է սեպտեմբերին: Եվ այդ իմաստով կմնա ավելի շուտ այն մոբիլիզացիոն էֆեկտը, որ առկա է հենց բումերանգի իմաստով՝ հանրային մեծ կոնսոլիդացիա իշխանության շուրջ նախկին համակարգի ջանքերին հակազդելու համար:
Այստեղ թերևս կա մի հարց՝ քանի՞ «սերիայից» է բաղկացած գաղտնալսումը: Խնդրի, այսպես ասած, ներքաղաքական ասպեկտից դուրս, անշուշտ շարունակում է առկա լինել զուտ անվտանգայինը, և այստեղ, անշուշտ, ԱԱԾ-ն փաստորեն պետք է նոր պատասխաններ տա հանրությանը, այդ թվում՝ հին հարցերին: Միևնույն ժամանակ աներկբա է, որ չպետք է արդարացնել ԱԱԾ-ն թիրախավորելու հնարավոր հաշվարկը, որ կարող էր լինել գաղտնալսման և դրա հրապարակման հիմքում: Հանրությունը այս դեպքում պետք է իրեն պահի իբրև իրավիճակի տեր, ոչ թե մեղադրող:
Նյութի աղբյուրը՝ 1in.am