Էս ի՜նչ ծայրահեղությունների մեջ են հաճախ ընկնում մեր պաշտոնյաները, այն էլ՝ օրենքի անունից: Բացատրեմ, թե ի՞նչ նկատի ունեմ: Դպրոցների կառավարման խորհուրդներում լիազոր մարմինների՝ ԿԳՆ, մարզպետրանների, Երևանի քաղաքապետարանի կողմից հաճախ նշանակվել են մարդիկ, որոնք եղել են նրանց կամակատարները ու շատերն արդեն անցել են թոշակի, բայց շարունակում են մնալ կառավարման խորհուրդներում և այսօր մարզպետարաններում չգիտեն, թե ինչպես կասեցնեն նրանց ներկայությունն այնտեղ: Իհարկե մեծ բացթողում կա համապատասխան կարգում, երբ այնտեղ ընդամենը գրված է. « 4. Խորհրդի անդամներին առաջադրում են.
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,
2) լիազորված մարմինը,
3) մանկավարժական խորհուրդը,
4) ծնողական խորհուրդը:» ու ոչ մի սահմանափակում չկա, որտեղից էլ կարելի է անել ցանկացած հետևություն՝ փողոցից ցանկացած մեկին ԿԳ նախարարը, մարզպետը կամ Երևանի քաղաքապետը կարող է նշանակել դպրոցի կառավարման խորհրդի անդամ: Տրամաբանությունից զուրկ մոտեցում, որն այսօր ցուցաբերում են նույնիսկ կրթությունը վերահսկող մարմինները: Բայց, «Հանրակրթության մասին օրենքում» կա հետևյալ կետը. «3. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝
1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու,
2) անդամին լիազորած մարմնի հիմնավորված հետկանչի,
3) խորհրդի որոշմամբ՝ հիմնավորված առաջարկության,
4) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու,
5) դատական կարգով անգործունակ կամ անհայտ բացակայող կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու,
6) ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման,
7) նրա մահվան դեպքերում։»
Հարգելի մարզպետներ, ուշադիր եղեք 2-րդ կետի նկատմամբ, որը նշանակում է, որ կառավարման խորհրդի անդամին թե՛ նշանակելիս , թե՛ ետ կանչելիս Ձեր հրամանով պիտի հիմնավորեք, թե ինչու եք հենց այդ մարդուն նշանակել տվյալ դպրոցի կառավարման խորհրդի անդամ ու նույնը՝ ետ կանչելիս; Դուք չեք կարող պատահական մարդուն, ում պատահի դնեք խորհրդի անդամ:
Ես շարունակելու եմ պնդել իմ արդեն արած առաջարկս, ըստ վարչական տարածքների, տեղական ինքնակառավարման մարմինները դպրոցներում ունենան մարզպետների ու Երևանի քաղաքապետի կողմից հրամանով հաստատված անձինք. ովքեր տվյալ վարչական տարածքի բոլոր դպրոցներում կներկայացնեն իրենց, իսկ դպրոցներում նրանց կմիանան ծնողական և մանկավարժական խոհուրդների կողմից ընտրված 3-ական ներկայացուցիչները: Ընդ որում, մարզպետի հրամանում պետք է նշվի ժամկետ, դպրոցի կառավարման խորհրդի անդամի պարտականությունն ու պատասխանատվությունը: Տվյալ անձը ժամկետից շուտ այդ պաշտոնը կորցնելուց հետո, բնականաբար մարզպետի հրամանն անվավեր կլինի: Ե՞րբ պիտի այս կարգերը կարգի բերվեն, դպրոցներում կառավարման խորհուրդների կողմից շարունակվում է ամենաթողությունը: