Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը: Դատարանը բավարարեց մեղադրող կողմի բողոքը, մերժեց փաստաբանների միջնորդությունները ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց որշում կայացրեց: “Մեր բողոքները մերժեց, առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ: ըստ դատարանի՝ պետք է կալանավորվի”,- որոշման հրապարակումից հետո լրագորղներին ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Այս վճիռը կայացվել էր՝ հիմք ընդունելով Գլխավոր դատախազի բողոքը:
Նախքան այդ, օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Վերաքննիչ դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ Քոչարյանն անձեռնմխելի է:
Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանն անձեռնմխելի է և չպետք է կալանավորվի: Այսօր՝ ժամը 18:00-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հրատապ ասուլիս են հրավիրում: Նախքան վճռի հրապարակումը փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել էր, որ եթե դատարանի վրա ճնշում գործադրված լինի, ապա Քոչարյանին կկալանավորեն, եթե ոչ՝ երկրորդ նախագահը պետք է ազատության մեջ մնա: