«Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը «Ժամանակի» հետ զրույցում հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունն իրենց մարզպետարանում որևէ ստուգում չի իրականացրել:

Նշենք, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել հենց Ֆինանսների նախարարության ուսումնասիրության արդյունքների հիման վրա` 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու ներկայացնում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ զրույցը:

- Պարոն Գրիգորյան, չնայած մոտ մեկ տարի է, ինչ Դուք պաշտոնավարում եք, արդեն խախտումներ են հայտնաբերվել Ձեր մարզում: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Իսկ ո՞վ ասեց, որ խախտումներ հայտնաբերվել են իմ պաշտոնավարման ժամանակ:

- ՀՔԾ-ում հարուցված քրեական գործերը հարուցվել են 2012-13թթ. ուսումնասիրությունների արդյունքում: 2012-ի կեսից Դուք եք պաշտոնավարել:

- Այո՛, բայց դեռ պարզ չի, թե ինչ խախտումներ են: Քրեական գործը հարուցվել է, որպեսզի ճշտեն` ինչ խախտումներ են տեղի ունեցել:

- Պարոն Գրիգորյան, քրգործում գրված է, որ դիզվառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման հետ են կապված խախտումները:

- Շատ հնարավոր է, որ խախտումներ տեղի ունեցել են: Կավարտվի քննությունը, և բոլորս կիմանանք` ինչ խախտումներ են տեղի ունեցել և ովքեր են մեղավորները:

- Դուք` որպես Գեղարքունիքի մարզպետ, տեղյակ չե՞ք` ինչ խախտումներ են եղել Ձեր մարզում:

- Իհարկե, ոչ: Տարբեր խոսակցություններ են գնում, բայց ես համոզված եմ, որ Գեղարքունիքի մարզում խախտումներ տեղի չեն ունեցել հիմնականում: Եթե տեղի ունեցած լինեն, դրանք մասնակի բնույթ են կրում:

- Ասել է թե` ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն անհի՞մն է, Ձեր կարծիքով:

- Ես չեմ կարող նման գնահատական տալ: Նախաքննությունը կավարտվի, և բոլորս կտեսնենք` ինչ խախտումներ են տեղի ունեցել, և խախտում կատարողները պարտադիր կպատժվեն:

- Պարոն Գրիգորյան, բոլոր մարզպետները, ում հետ խոսում ենք, ասում են` խախտումներ իրականում չկան: Այսինքն` Ֆինանսների նախարարությունը «գործ է սարքել» մարզպետների դեմ:

- Ո՛չ, սպասենք նախաքննության ավարտին: Ես հրապարակային պատասխանում եմ, որ մարզպետարանում որևէ խախտում տեղի չի ունեցել:

- Այդ դեպքում` որտե՞ղ է խախտումը եղել:

- Չեմ կարող ասել` կավարտվի գործընթացը, և կտեսնենք` որտեղ և ովքեր են:

- Կարծում եք` հարցը կհասնի Ձեր պաշտոնանկությա՞նը:

- Եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, ես ինքս հրաժարական կտամ: Բայց ես համոզված եմ, որ մենք դրան չենք հասնի, և դուք ականատես չեք լինի նման հրաժարականի: