Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիայի դեմ պայքարի մինչ այժմ գործող, չգրված բայց գործածության մեջ գտնվող, «ռազմավարության տրամաբանությունն» արդեն խնդրահարույց է: Ժամանակին Սերժ Սարգսյանի իշխանությունը մտցրեց եկամուտների հայտարարագրման ինստիտուտը: Ու հանկարծ տեսանք, որ տասնամյակներով ետ գնացած երկրի գործերը մակրո առումով լավ չի, բայց այ, իշխանության մեջ գտնվող մարդկանց անձնական բիզնեսներն ամեն տարի երկնիշ աճ են արձանագրել:

Ու Սերժ Սարգսյանի իշխանությունը թույլատրեց հրապարականացնել թալանածը՝ այն մատուցելով որպես թղթերով կարգին ու օրինական: Այժմյան կառավարության դեպքում այլ բան է նկատվում՝ կոռուպցիայի մեջ մեդարվող անձինք՝ Սաշիկ Սարգսյան, Մանվել Գրիգորյան, Վաչագան Ղազարյան ու այլք, սկսել են «բարիանալ» ու միլիոնների նվիրատվություններ անել պետությանը:

Իհարկե, դա նույնպես տեղի է ունենում անցած իշխանությունների սահմանած կանոնների՝ օրենքների պայմաններում: Բայց այսպիսի պայքարը կոռուպցիայի դեմ հղի է մի շարք ռիսկերով. ստացվում է, որ կարելի է թալանել շատ, հանցագործություններ գործել, հետո վերադարձնել քիչն ու վայելել մնացածը: Նոր կառավարությունը և նոր խորհրդարանը պետք է լուծում տան այս հարցին, շտապ փոխեն օենսդրությունը, այլապես նոր կառավարության ու իշխանության անդամներ, ովքեր չեն դիմանա իշխանության գայթակղությանը, կանեն նույնը՝ կթալանեն, վստահ լինելով, որ բռնվելու դեպքում մի մասը վերադարձնելով թե՛ կխուսափեն պատասխանատվությունից, թեʹ կվայելեն մնացածը: Կոռուպցիայի դեմ պայքարի նոր հայեցակարգը նույնպես հրամայական է»: