Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ ևս անդրադարձավ մամուլում հաճախ շրջանառվող «Նաիրիտ» գործարանի հետ կապված մի շարք խոսակցություններին:

Մասնավորապես մամուլում լուրեր են պտտվում, որ գործարանը պատկանում է ՀՀ վարչապետին:

««Նաիրիտ» գործարանի խնդիրը, որը բավական երկար ժամանակ է, ինչ մեծ ռեսուրսներ են ծախսում լրատվամիջոցները, անհասականալի սցենարներ նկարագրում, փորձում ամենը կապել իմ անվան հետ: Նաիրիտի հետ կապված բոլոր  որոշումներն ընդունվել ենկառավարության որոշումներն են, հետևաբար, ճիշտ չէ դրանք վարչապետի անվան հետ կապել: Բոլոր գործարքների վերաբերյալ ես հանձնարարել եմ, որ ամբողջական փաթեթը տրամադրեն ԶԼՄ-ներին»,իր խոսքում նշեց վարչապետը:

Առաջին պայմանագիրը, ըստ Տ. Սարգսյանի, 2006 թ. ստորագրվել է  «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited)» ընկերության հետ: Այդ եւ դրանից հետո ստորագրված բոլոր պայմանագրերը վարչապետը խոստացավ տրամադրել լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ 2006 թ. օգոստոսին «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությունը «Հայգազարդ»-ից գնեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն դոլար ընդհանուր արժեքով:

Մնացյալ 10 տոկոս բաժնեմասը տնօրինում է ՀՀ կառավարությունը` ի դեմս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության: