ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ մեկ անգամ ևս անդրադարձավ հայտնի օֆշորի սկանդալին, մասնավորապես նշելով.
«Օֆշորային գոտու հետ կապված ինչ հեքիաթներ ասես չեն հորինում, փորձելով վարկաբեկել: Ամբողջական ինֆորմացիան հասանելի է լինելու ԶԼՄ-ներին: Համոզված եմ, որ որևէ անպատասխան հարց չի մնալու, եթե հետաքննող լրագրողները լինեն օբյեկտիվ, կկարողանան թացը չորից զանազանել: Մենք հետամուտ ենք լինելու, որ տեղեկատվությունը հասանելի լինի բոլորին»:
Հիշեցնենք, որ մամուլում ակտիվ քննարկվում է օֆշորային սկանդալը, մասնավորապես նշելով, որ վարչապետը օֆշորային գոտում գրանցել կազմակերպւթյուն:

Խոսելով նաև Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին` դեռևս նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանձնարարել էր բոլոր գերատեսչություններին անպատասխան չթողնել որևէ մեղադրանք:
«Հանձնարարել եմ բոլոր գերատեսչություններին ներկայացնել իրենց դիրքորոշումները, այսօր հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, որպեսզի կազմի ժամանակացույց, որպեսզի բոլոր գերատեսչության ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն բոլոր հարցերին, որոնք հետաքրքրում են հանրությանը»,-նշեց ՀՀ վարչապետն` ավելացնելով,որ որևէ հարց չպետք է մնա անպատասխան: