Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում՝ գեղեցկության սրահում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն:
Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կրումից, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Ալիկ Բանդուրյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը), իսկ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Սակայն դատարանը վերջինիս մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 113 հոդվածով՝ դատապարտեց 4 տարվա ազատազրկման եւ համաներումով ազատվեց: Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես արդարացվեց:
Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդել էր Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, Չարբախցի Գեղամին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է: