Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են անբացատրելի և տարօրինակ իրադարձություններ տեղի ունենալ, որոնք առիթ են տալիս ենթադրելու, որ սա զուտ պատահականություն չէ:
Տարիներ շարունակ նույն ազատավանդակում պահվող բեզոարյան այծն օրերս ցատկել էր ցանկապատի վրայով, դուրս եկել կենդանաբանական այգու սահմաններից, որից հետո կենդանուն հայտնաբերել են աշխատակիցները և վերադարձրել վանդակ: Ըստ նախնական ենթադրությունների՝ սթրեսի հետևանքով այծը սատկել է: Հատկանշական է, որ դեպքից մի քանի օր առաջ Երևանի կենդանաբանական այգի էին այցելել WWF հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը, … Սամվել Պիպոյանը, ինչպես նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը պահանջող մի քանի քաղաքացիներ: Կարեն Մանվելյանն ու ԵՊՀ դասախոս Սամվել Պիպոյանը, ովքեր նաև Քաղաքապետարանի կենդանաբանական այգու խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամներ են, բարձրաձայնել են վանդակների կառուցման շուրջ հնարավոր խնդիրների մասին՝ նշելով նաև, որ բեզորայան այծերի ազատավանդակը թերություններ ունի և կենդանիները կարող են դուրս ցատկել վանդակից:
Ինչ-որ «գերբնական պատահականությամբ», մի քանի օր անց բեզոարյան այծը դուրս է թռչում վանդակից և տեղի է ունենում վերոնշյալ դեպքը: Պատահականությո՞ւն…
«Թե՛ զեբրի թունավորումը, թե՛ բեզոարյան այծի՝ վանդակից անհետացումը վկայում են այն մասին, որ տեղի է ունեցել գործողություն, որի մեջ կան դիտավորության էլեմենտներ: Չենք ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց դատապարտում ենք հանցագործության փաստը և այն ինչ տեղի է ունենում այգու ներսում, հանցագործության ահաբեկչական տարրեր ունի իր մեջ, կենդանիները զոհ են դառնում նեղ շահերի։ Այգու բոլոր խնդիրները սկսեցին բարձրաձայնվել մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, անգամ տուբերկուլյոզի դեպքը, ինչի մասին բարձրաձայնվեց վեց ամիս անց բռկումից հետո»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:
Անպատժելի դիտավորությունների շարանը մտավախություն է առաջացնում, որ կենդանաբանական այգում հնարավոր է առավել վտանգավոր «պատահականություններ» գրանցվեն, քանի որ բողոքի ակցիաներին մասնակից աշխատակիցները պարբերաբար «մեսիջներ» են ուղարկում նաև վագրի վանդակից դուրս գալու մասին: Մասնավորապես, առյուծների և վագրերի խնամակալն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ վագրերի ազատավանդակի պատը կարող է փլվել և կենդանին կարող է հայտնվել ազատության մեջ:
Մասնավորապես նույն այցելության ընթացքում խնամակալներից մեկն ասում է. «Վաղը, եթե վագրի ժայռն էլ փլվի, նա հանգիստ կարող է բարձրանալ վերև: Ինձ էլ հաճելի չի, որ ինչ որ մեկը իմ վագրին սպանի»:
Իրավապահ մարմինները պետք է ավելի ուշադիր լինեն նման հայտարարությունների նկատմամբ, քանի որ իրենց նպատակին հասնելու համար, այգու կառուցվածքին, կենդանիների խնամքի նրբություններին քաջատեղյակ անհատները, կարող են շարունակել անպատժելի սաբոտաժներ իրականացնելը՝ մատուցելով նոր «անակնկալներ»:
Նյութի աղբյուրը՝ mediainfo.am