Դեկտեմբերի 11-ից 16-ը Չինաստանի Չանժոու քաղաքում անցկացվեց լողի աշխարհի հերթական` 14-րդ առաջնությունը: Մասնակիցները հանդես եկան կարճ ջրում` 25 մետրանոց լողավազանում: Հայաստանի ներկայացուցիչները Հայաստանի 5 ռեկորդ սահմանեցին առաջնությունում: Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես եկան 50մ ազատ և բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը 100մ ազատ, իսկ Անի Պողոսյանը՝ 100 և 200 մ ազատ լողաոճերում: Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ լողաոճում 50 մ անցավ 0, 29. 09 ժամանակում և 70 մրցակիցների պայքարում զբաղեցրեց աղյուսակի 44-րդ հորիզոնականը: Նույն մրցատարածության ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 128 մարզիկների մեջ 51-րդն էր` 0, 22. 44 արդյունքով: 4 × 50 մ ազատ ոճի խառը փոխանցալողում՝ երկուական տղամարդ և կին, 1. 40, 73 արդյունքով և 22-րդը ճանաչվեցին 43 հայտավորվածների պայքարում: Նույն ծրագրով, բայց համալիր փոխանցալողում, մեր քառյակը 1. 53, 46 ժամանակով, 47 մրցակիցների մեջ 32-րդն էր:
Հինգերորդ ռեկորդը սահմանեց Անի Պողոսյանը: Նա ազատ լողաճում 200 մետրը հաղթահարեց 2. 06, 75 ժամանակում և 56 լողորդների մրցավեճում ճանաչվեց 41-րդը:
Վլադիմիր Մամիկոնյանը գրավեց 76-րդ տեղը՝ 100մ. ազատ ոճ, 114 մասնակից, 51, 59, իսկ Անի Պողոսյանը նույն տարածությունում և մրցաձևում 53-րդն էր՝ 98 մասնակից, 0. 58, 14: Անձնական ռեկորդ սահմանեց Վարսենիկ Մանուչարյանը, 50մ ազատ լողաոճում ` 0.26, 80՝ 98-ից 45-րդը: