Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահոգում է Հայաստանին, թեեւ դա չի նշանակում, որ ռազմական հավասարակշռվածությունը խախտվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նշենք, որ Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել ցամաքային զորքերի համար նախատեսված շուրջ 1 մլրդ դոլար արժողությամբ զինտեխնիկա և տանկեր:
Ագ փոխնախարարն անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում դարձյալ ծածանվելու է ադրբեջանական դրոշը, ասաց.
«Դա հայտարարում է մի երկիր, որը պարտությունից հետո լաց ու կոծ է դնում: Նա, ով իրոք պատրաստ է այդպիսի քայլերի, դրա մասին ամեն օր չի հայտարարի: Այդ հայտարարությունները ուղղված են ներքին լսարանին, որովհետև արտաքին թշնամու կերպարը այսպես արթուն պահելը սնուցում է ժառանգական ավտորիտար ռեժիմը»:
Հարցին, թե արդյո՞ք արժե շարունակել բանակցային գործընթացները, Քոչարյանը պատասխանեց, որ այդ գործընթացն ունի երկու կարևոր առաքելություն.
«Երեք համանախագահները փորձում են նպաստել, որ կողմերը համաձայնության գան, իսկ այն հանգամանքը, որ չեն գալիս, բոլորին է հայտնի, որ դա Ադրբեջանի պաճառով է:
Մյուս կողմից, Ադրբեջանը երկընտրանքի առջև է. կամ այդպիսի պնդաճակատ քաղաքականությամբ առկա ստատուս-քվոյի պայմաններում ինքն է խթանելու Ղարաբաղի միջազգային ճանաչումը, կամ էլ պետք է խելքի գա»,նշեց ԱԳ փոխնախարարը:
Խոսելով բանակցային գործընթացի երկրորդ կարևորագույն առաքելության մասին, Շավարշ Քոչարյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ երեք համանախագահները ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդում մշտական անդամ են և ամեն օր հայտարարություն են անում խնդրի խաղաղ կարգավորման մասին:
«Մենք պետք է ընդունենենք, որ այդ առաքելությունը կատարվում է եռանախագահների կողմից:Եթե այդպես մոտենանք ամբողջ միջնորդությանը, ապա կհամաձայնենք, որ դա շատ կարևոր է»,- ասաց Քոչարյանը:
Հարցին, թե արդյո՞ք վտանգված է Եվրամիության ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի կողմից` հաշվի առնելով այն խոսակցությունները, թե Ռուսատանը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այժմ և’ Ռուսաստանի, և’ Արևմուտքի հետ բանակցություններ են ընթանում:
Շ. Քոչարյանի խոսքով՝ եռանախագահները ձգտում են, որպեսզի փխրուն զինադադարը նորից չվերածի ռազմական գործողությունների, սակայն Ադրբեջանը ձգտում է ձերբազատվել համանախագահների միջոցով կարգավորման ձեւաչափից: