Տարիներ առաջ խոսակցություն ունեցանք, ասացի. «Գիտե՞ք, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում Ձեր դեմ, փորձում են ջնջել Ձեր անցած ուղին ու սուտ մեղադրանքներ Ձեզ վերագրում, միգուցե հերքե՞ք կամ ինչ-որ բան ասե՞ք»: Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»:
Ցավոք, այդպես չեղավ:
Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Հասկացա, որ որքան երկար ես լռում, այնքան շատ է հորինվում քո մասին պատմություններ, այնքան, որ մի պահ է գալիս, երբ կատարածդ և այն, ինչ աչքովդ ես տեսնում, սկսում են ուղղակի իրար հետ ոչ մի կապ չունենալ:
Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է և չի կարող չունենալ իր ծանր հետևանքները բոլորիս համար: Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը (ինչի ապացուցման կարիք կարծում եմ՝ այլևս չունեմ), չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում…Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային և ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում:
Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին:
Զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ. այսպիսինն է ՆԱ՝ Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, և իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած:
Ցանկությունս այն է, որ մարդիկ իմանան իրականությունը` ԻՐԱԿԱՆ իրականությունը, ամեն ինչի և բոլորի մասին, առանց որևէ վերապահման, և դրանից հետո թող թույլ տան դատել կամ կարծիք կազմել մարդկանց և իրադարձությունների մասին:
Ես նախընտրում եմ այն կողմում կանգնած լինել, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա՝ գործով ապացուցված: