«Միջազգային էներգետիկ կոորպորատիվ» ՓԲԸ անձնակազմի կառավարման դեպարտամենտի պետ Լիլիթ Միրզոյանին մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ նա 2013 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ` ժամը 17:00-ի սահմաններում թիվ 4/23 ընտրական տեղամասում, նույն տեղամասի հանձնաժողովի անդամ Անահիտ Հարությունյանից ստացել է երկու քվեաթերթիկ և երկու ծրար, որից հետո քվեարկելով երկու քվեաթերթիկներում` փորձել է քվեաթերթիկները գցել քվեատուփի մեջ, սակայն քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի անդամը հայտնաբերել է կրկնակի քվեարկման հանգամանքը և Լիլիթ Միրզոյանը իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել: Այս մասին տեղեկանում ենք Փաստինֆո-ից:
Իսկ հիշյալ տեղամասի հանձնաժողովի անդամ Անահիտ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա ժամը 17:00-ի սահմաններում ընտրության մասնակից Երևանի բնակչուհի Լիլիթ Միրզոյանին տվել է երկու քվեաթերթիկ և երկու ծրար` Լ. Միրզոյանին օժանդակելով մեկից ավելի անգամ քվեարկելուն, սակայն քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի անդամը հայտնաբերել է կրկնակի քվեարկման հանգամանքը և Լիլիթ Միրզոյանը իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Մասնավորապես, Լիլիթ Միրզոյանը հայտնել է, որ երբ մտել է ընտրատարածք, առաջինը մոտեցել է հանձնաժողովի անդամներից մի տղամարդու, որին ներկայացրել է անձնագիրը՝ վերջինս մատյանի մեջ նշում անելուց հետո իր անձնագիրը փոխանցել է հանձնաժողովի մեկ այլ անդամի, ինչպես հետո պարզվել է, ամբաստանյալ Անահիտ Հարությունյանին: Երբ մոտեցել է, արդեն իր անձնագրի մեջ ծրարներն ու քվեաթերթիկները դրված են եղել: Անահիտից վերցնելով անձնագիրը, միանգամից մոտեցել է քվեախուց, որտեղ տեսել է, որ անձնագրի մեջ կա 2 ծրար և 2 քվեաթերթիկ: Մտածելով, որ կարգն այդպես է և պետք է մի քվեաթերթիկում քվեարկի ավագանու, մյուսում` քաղաքապետի համար, այդպես երկու քվեաթերթիկում քվեարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին և ծրարները ամեն մի ձեռքում բացահայտ բռնած մոտեցել է քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին: Ըստ ամբաստանյալի, Ա. Հարությունյանին նախկինում չի ճանաչել և անգամ տեղյակ չի եղել, որ վերջինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Ինքը 2 քվեաթերթիկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին է ընտրել, քանի որ մյուս կուսակցություններին չի ճանաչել: Չի կարողանում բացատրել, թե ինչպես ամբողջությամբ նույնական քվեաթերթիկներով պետք է քվեարկեր քաղաքապետի և ավագանու թեկնածուների օգտին, երբ ընտրությունները ավագանուն էին վերաբերվում:
Ըստ ամբաստանյալ Անահիտ Հարությունյանի ցուցմունքի, նախաքննության ընթացքում կտրականապես ժխտել է, որ քվեաթերթիկով այդ 2 ծրարները ինքն է տվել Լ. Միրզոյանին, քանի որ չէր կարողանալու հանձնաժողովի անդամներին և մյուսներին բացատրել, որ դա դիտավորյալ չի արել: Դատարանում լսելով բոլորի ցուցմունքները՝ հնարավոր է համարում, որ այդ ծրարները ինքը տված լինի, քանի որ այդ օրն իր աշխատանքը շատ ծանրաբեռնված է եղել ու հոգնածության և լարվածության պատճառով միգուցե ոչ դիտավորյալ Լ. Միրզոյանին տվել է 2-ական ծրար և քվեաթերթիկ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, սակայն, գտել է, որ ամբաստանյալներ Լիլիթ Միրզոյանի և Անահիտ Հարությունյանի կողմից ըստ էության մեղքը չընդունելը նպատակ է հետապնդում խուսափելու պատասխանատվությունից: Ըստ դատավճռի, Լիլիթ Միրզոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ մեկ ավելի անգամ քվեարկելու փորձ, իսկ Անահիտ Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով՝ փորձին օժանդակելը, մեղսագրված հանցանքի կատարումը հիմնավորված է, մասնավորապես, վկաների ցուցմունքներով, ընտրական տեղամասի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը զննելու մասին արձանագրությամբ, Ոստիկանության Արաբկիրի բաժնից ստացված ձայնասկավառակի զննությամբ, համաձայն որի թիվ 4/23 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը հարցազրույցի ժամանակ հայտարարում է, որ նույն տեղամասի քվեատուփի մոտ 05.05.2013թ.-ի ժամը 17:00-ի սահմաններում մի կնոջ մոտ հայտնաբերել է 2 ծրար և 2 քվեաթերթիկ:
Դատարանն այսպիսով ամբաստանյալ Լիլիթ Միրզոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ ամբաստանյալ Անահիտ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ և երկուսին էլ դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամի չափով:
Որպես ամբաստանյալ Լիլիթ Միրզոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը դիտել է այն, որ պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ են գտնվում մինչև 14 տարեկան 2 երեխաները /ծնված 31.05.2001թ.-ին և 15.11.2006թ.-ին/: