Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում որսագողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Ժամը 21.20-ին, համագործակցելով Ճանապարհային ոստիկանության և Վայոց ձորի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին 30-ամյա Վահագն Ա-ն և 32-ամյա Վարդան Խ-ն։ Նրանց վարած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, բեռնախցիկում հայտնաբերվեց կենդանու մորթած ու մաշկած մարմին, «Սայգա ՄԿ» և «ՏԻԿԿԱ Տ3» տեսակի ակոսափող, «ԲԵՆԵԼԼԻ» և «ՄՌ 155» տեսակի ողորկափող որսորդական հրացաններ: Ըստ Վահագն Ա-ի բանավոր հայտարարության՝ սպանված կենդանին բեզոարյան այծ է, որը նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, որսացել էր «ՄՌ-155» հրացանով։ Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ի դեպ, shamshyan.com-ի տեղեկություններով՝ որսագողության ժամանակ որսագողերի հետ է եղել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը, ով եղել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայով։ Նա նույնպես բերման է ենթակվել ոստիկանություն: