«Ազգը» զրուցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Պարոն դեսպան, նախ շնորհակալություն հարցազրույցի համար: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում:
-Լրացավ մեկ տարի, ինչ մենք Հայաստանում ենք: Այդ մեկ տարին կբնութագրեի հոյակապ ժամանակաշրջան: Ես և տիկինս` Լիբին, մեծ հաճույքով հանդիպել և ծանոթացել ենք հայերի հետ, ծանոթացել հայկական հյուրասիրությանը, Հայաստանի տեսարժան վայրերին, մասնակցել ենք մեղրի, խորովածի և գինու փառատոներին: Իսկ մասնագիտական առումով` շատ հաճելի է, երբ գտնվում ես մի երկրում, որը անցումային փուլում է: Հայաստանը խրթին հարևանություն ունի, կան ներքին մարտահրավերներ, և այդ ամենի հետ քայլեր են ձեռնարկվում երկիրը ճիշտ ուղղությամբ տանելու համար, և կան մարդիկ, ովքեր լծված են այդ աշխատանքին: Մեր աշխատանքի հետաքրքրական մասն էլ այն է, որ մենք կարողանում ենք գտնել և համագործակցել այդպիսի մարդկանց հետ:
-Որպես սովորական քաղաքացի ինչպիսի՞ խնդիրներ եք տեսել Հայաստանում, որոնք կցանկանայիք լուծված տեսնել:
-Հայաստանում շատ մարտահրավերներ կան, սակայն մի խնդիր կա, որ առնչվում է բազմաթիվ ոլորտների: Դա մրցակցությունն է: Կարծում եմ` Հայաստանի նման երկրի համար, որ խորհրդային ժառանգություն ունի, կարևոր է քաղաքական, տնտեսական, կոմերցիոն մրցակցություն ստեղծելը: Եվ մրցակցությունը կարող է շատ մեծ օգուտ բերել հայ ժողովրդին:
-Պարոն դեսպան, մեկ շաբաթից Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, ի՞նչ արդյունքներ եք ակնկալում և ինչպե՞ս եք գնահատում ընթացող նախընտրական քարոզարշավը:
-Մայիսին խորհրդարանական ընտրություններին ուշադրությամբ հետևել ենք: Միջազգային հանրությունն էր ներկա, տեղական դիտորդներ կային, և ամբողջ երկրում գործընթացի նկատմամբ դիտարկում էր իրականացվում: Մայիսին երկու դրական առաջընթաց արձանագրվեց: Առաջինը լրատվամիջոցների հասանելիությունն էր, ընդդիմադիր ձայները հասանելի էին հանրությանը: Այս միտումը շարունակվում է նաև նախագահական ընտրություններում էլ: Ես հույս ունեմ, որ միտումը կպահպանվի նաև ընտրություններից հետո: Հաջորդ դրական տեղաշարժը քվեարկության օրը տեղամասերում ընտրության կազմակերպումն էր: Նոր ընտրական օրենսգրքի իրականացումը, օրենքների պահանջների բավարարումը տպավորիչ են:
Այժմ նշեմ երկու ոլորտ, որտեղ դեռ անելիք կա: Մայիսյան ընտրություններին եղան բազմաթիվ հաղորդումներ ընտրակաշառքների վերաբերյալ և վարչական ու կուսակցական ռեսուրսի միախառնումը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այս երկուսը ներկայացրին, որպես լուրջ խնդիր: Նախագահը խոստացել է, որ այդ խնդիրները լուծում կստանան, և առաջիկա ընտրություններին դրանց լուծումը կարևոր է: Ընտրակաշառքների հետ կապած համաժողով էինք կազմակերպել, որին մասնակցեցին բոլոր իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, նրանք խոստացան, որ բոլոր խախտումներով, նաև ընտրակաշառքների վերաբերյալ հաղորդումների հետ կապած, կլինեն քննություն և քրեական հետապնդում: Հատկանշանական է, որ հաղորդում տվող անձանց անունը պետք է մնա գաղտնի և ընտրողները կարող են խախտումների մասին հաղորդում ներկայացնել: Ես հույս ունեմ, որ ընտրողները դա կանեն: Վարչական ռեսուրսի հետ կապված` կարծում եմ, կրթության նախարարը լավ քայլ է կատարել` հրապարակավ քննադատելով դպրոցի տնօրեններին, ովքեր դպրոցն ու քաղաքականությունը իրար են խառնում: Հույս ունեմ` մյուս գերատեսչություններն էլ նման հայտարարություն կանեն, և դա հասարակությունը կընկալի: Այս ամենի նպատակն այն է, որ վերականգնվի հայ ժողովրդի վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ:
-Հանդիպումներից մեկի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, հստակեցրեց, որ դրանք հավիտյան չեն կարող մնալ Ազգային ժողովում: Ենթադրելի է, որ կամ Հայաստանի կառավարությունը այն կճանաչի անվավեր, կամ էլ արձանագրությունները հետ կկանչվեն: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում նոր պետքարտուղար է նշանակվել, ինչպիսի՞ լուծում եք տեսնում:
-Նախկին պետքարտուղար Քլինթոնը այս աշխատանքներին շատ նվիրված էր: Նա գու՚ծընթացում ներգրավված էր, Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա էր: Նա հրապարակավ և մասնավոր շատ բաց ու հստակ ասում էր, որ Թուրքիան պետք է քայլ կատարի, առանց նախապայմանների վավերացնի արձանագրությունները: Պետքարտուղար Քերրին Սենատում` իր ելույթի ժամանակ արձանագրեց, որ շարունակելու է հետևել նույն քաղաքական գծին հայ-թուրքական հարաբերությունների մասով:
-ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է և շատ լավ ծանոթ է Ղարաբաղյան հիմնախնդրի էությանը: Նախ աշխարհը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, իսկ վերջերս էլ Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստացավ, ինչը ենթադրում է, որ Պաղեստինը պետություն ճանաչվելու ճանապարհին է: Ինչպիսի՞ տարբերություններ կան վերոնշյալ երկու երկրների և Լեռնային Ղարաբաղի միջև, և եթե չկան տարբերություններ, ապա ինչո՞ւ աշխարհը չի ճանաչում ԼՂ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը:
-Լեռնային Ղւսրաբաղի հետ կապված գործընթացը ընթանում է Մինսկի խմբի շրջանակներում: Համանախագահող երկրներն իրենց գոհունակությունն են հայտնում, որ Հայաստանը բանակցային սեղանին է, և գործընթացն ընթանում է: Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում հանդիպումներ ունեցան, նաև նոր հանդիպման պայմանավորվածություն կա: Կարծեմ մարտի 4-ին նախատեսվում է հանդիպում կրկին Փարիզում: Այսպես պետք է գործընթացը զարգանա, և բանակցային ճանապարհով լուծում գտնել հակամարտությանը: Միջազգային հանրությունը չի կարող որևէ պայման թելադրել, այդ հարցը պետք է լուծվի բանակցություններով:


