ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային վճարի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կհստակեցվեն այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռևս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանը հատելիս ճանապարհային վճարի հաշվարկման և գանձման հետ կապված ընթացակարգերը։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով թելադրված է աշխատանքային հարաբերությունների առավել հստակ կարգավորման, ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։ Կառավարությունն իր հերթին մի շարք առաջարկություններ է արել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը։
Քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է շրջանառության հարկը հաշվարկել տարբեր դրույքաչափերով, կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ նախագծի մերժման պատճառ է դարձել այն իրողությունը, որ փաստաթղթով հիմնավորված և չհիմնավորված ապրանքը զանազանելը գործնականում անհնար է։ Բացի այդ, անհնար է նաև գնահատել ստվերի չափը, հնարավոր չէ արդյունավետ վարչարարություն իրականացնել։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։