«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւում: «Մանկական Եվրատեսիլ-2013» միջազգային այս հեղինակավոր երգի մրցույթին մասնակցել ցանկացողները  պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտը սույն թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը` հետևելով մասնակցության հետեւյալ կանոններին. Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ: Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով: Ներկայացվող երգը պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2013թ-ի հունիսի 1-ը: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին: Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը: Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2013»-ում թույլատրելի են:  Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին: Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3), երգի խոսքերը, կատարողների անձնագրի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակտային տվյալներ: Փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երեւան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Հայասատանի Հանրային հեռուստաընկերություն կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել` [email protected] հասցեին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055) 56-88-19 հեռախոսահամարով:

Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին