Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Սարգեզ Նոյուկի Անդուանիանի, Վիգեն Նովասարտիանսի եւ ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են 90 կգ թմրամիջոց Հայաստանով փոխադրելու, օժանդակելու համար: Ինչպես մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել էր 15 տարվա ազատազրկում Սարգեզ Անդուանիանի համար, Վիգեն Նովասարտիանսի համար՝ 13, իսկ Վարդան Մարտիրոսյանի համար՝ 12 տարվա ազատազրկում: Օժանդակող Վարդան Մարտիրոսյանը պաշտպանական ճառից հրաժարվել էր, նա հրաժարվել էր նաեւ վերջին խոսքի իրավունքից, ասելով, թե լրացուցիչ ցուցմունք է ուզում տալ: Դատարանը վերսկսել էր դատական նիստը, եւ այսօր ցուցմունք տվեց Վարդան Մարտիրոսյանը: Նա աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի բեռնափոխադրումների բաժնում: Վարդանն ասաց, որ իր պարտականությունների մեջ էր մտնում ձեւակերպել բեռը: Նա ասաց, թե Սարգեզը խոստացել էր ճիշտը ասել, սակայն ոչ նախաքննության, ոչ էլ դատարանում նա չասաց, թե իրականում ինչպես է պատահել, որ ինքը ձեւակերպումներ արեց: Նա ասաց, որ տեղյակ չի եղել, թե իրականում ինչ բեռ է փոխադրում Սարգեզը, սակայն իրեն մեղավոր ճանաչեց, որ այլ անձնագրով կատարել է ձեւակերպում: «Եթե ուզում եք Աստվածաշնչով երդվեմ, ստի դետեկտոր միացրեք, որ ես ճիշտը ասացի»,-ասաց նա: Նա ասաց, որ Սարգեզը մեծ մարդ է եղել, հայ, եւ իր մեղավորությունն է եղել, որ փորձել է օգնել նրան: Նա դիմեց մեղադրողին, թե՝ հաշվի առեք իմ ցուցմունքը, փոխեք ձեր դիրքորոշումը: Մեղադրող Արամ Ամիրզադյանն ասաց, որ իր մեղադրական ճառն ասել է, եւ պնդում է այն ամբողջությամբ, թերեւս կվերանայի իր միջնորդությունը, եւ բռնագանձում կտարածվի ոչ թե համասեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, այլ 2400 դոլարի վրա: Դեռ չէր որոշվել պաշտպանական ճառերի օրը, երբ գրեթե ուշագնաց եղավ Վարդան Մարտիրոսյանի մայրը, իսկ հայրը դատարանից խնդրում էր, որ հանդես գա որպես վկա: Դահլիճից հնչում էին. «Մեղրիի տամոժնիկներն են մեղավոր», «Տականք, դուրդ եկա՞վ», «Ընտանիքս կործանվում է, ինչի՞ համար եք Վարդանին ազատազրկում»: Դատական հաջորդ նիստին, որը նշանակվեց հուլիսի 11-ին, պաշտպանական ճառով հանդես կգա ամբաստանյալ Վարդան Մարտիրոսյանի պաշտպանը՝ Սերգեյ Մկրտչյանը, ապա վերստին դատարանը կանցնի վերջին խոսքերին: 

Աղբյուրը` Aravot.am