Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր՝ հունվարի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ:
Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կալմուխանբետ Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն եւ դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան:
Կողմերը խոսել են նաեւ Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաեւ միջազգային լրահոսում:
Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:
Հեռախոսազրույցի ընթացքում հայ եւ ղազախ գործընկերները քննարկել են նաեւ երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: