Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է բանակում անսարք մեքենաների շահագործման ու դրանց հետևանքով դժբախտ պատահարների խնդրին: Նրա խոսքով՝ վերջին 4 տարիների ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենաներով: Դրան զուգահեռ շահագործումից հանվում են բոլոր այն մեքենաները, որոնք շահագործման ենթակա չեն տարիքային կամ անսարքության պատճառով: Այս տարի նոր մեքենաների ձեռքբերման գործընթացը շարունակվելու է:
Դավթյանն ասաց, որ ոչ ոք չի կարող բացառել դժբախտ դեպքերը:
«Ցանկացած տեխնիկա, անգամ նորը ունի հնարավորություն տեխնիկապես անսարքանալու: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման տեխնիկա չհայտնվի երթերի ընթացքում: Մանավանդ ուշադրություն ենք դարձնում ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին: Ցավալի դեպքը, որ ունեցանք, դրանից հետո ավելի խստացվեցին տվյալ հարցերը»,- ասաց նա: