«Լինելով ծաղրածուների արքան՝ նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն»․ Սերգեյ Փարջանովի մասին ասված այս խոսքերը, թերևս, ամենադիպուկներից են։
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին, Թիֆլիս քաղաքում հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։
«Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունն, այլ կերպ նա մարդ չի կարող լինել»,- մի առիթով ասել է 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը՝ Սերգեյ Փարաջանովը, ով ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում:
1973 թվականին խորհրդային կառավարությունը Սերգեյ Փարաջանովին դատապարտեց 5 տարավա ազատազրկման՝ մեղադրելով արվամոլության համար։ Նրա ազատազրկմանն արձագանքեցին բազմաթիվ արվեստագետներ, գրողներ, նկարիչներ, ռեժիսորներ աշխարհի ամենատարբեր ծայրերեից։ Եվ չնայած դրան, Փարաջանովին միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։
«Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել: Այժմյան կյանքս անիմաստ է: Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը»,- խոստովանել է կինոռեժիսորն այն դժվարությունների ու արգելքների մասին, որ նա հանդիպել է բանտից դուրս գալուց հետո:
Երկար տարիներ նրան արգելված էր նկարահանել ֆիլմեր, սակայն 80-ականներին թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» և «Աշուղ ղարիբը»։ Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը մնաց անավարտ և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով, Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում։
««Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց»,- ասել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին:
Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964-ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Մինչ այդ նրան չէին ընկալում ըստ արժանվույն։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։
Սիրված արվեստագետը մահացավ 1990 թվականի հուլիսին Երևանում, քաղցկեղից։ Նա կյանքից հեռացավ` չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահաղացումները: Փարաջանովին հուղարկավորել են երևանյան Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի կողքին։
Փարաջանովի հարազատ քաղաքում՝ Թբիլիսիում, ցավոք, չի մնացել ոչինչ, որ կարող էր հիշեցնել նրա մասին։ Նրա տունը վաճառվել է ռուս մեծահարուստի, իսկ իրերի, նկարների, գրաֆիկական աշխատանքների ու հանրահայտ գլխարկների պատկառելի հավաքածուն պահպանվում է Փարաջանովի տուն-թանգարանում, Երևանում։