Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով սահմանվում է սպայական կազմի զինծառայողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման գործընթացը:
«Զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիպոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները»,- նշված է նախագծում:
Մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին օրենքով նախատեսվում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4 հազար գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, ինչի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է:
«Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ»,- նշված է նախագծում: