Երևանի քաղաքապետարանում սպասում են նոր ավտոբուսների, որպեսզի կարողանան միկրոավտոբուսային երթուղիները փոխարինել ավտոբուսային երթուղիներով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից:

Օրեր առաջ խմբագրությունը էլեկտրոնային փոստով ստացել էր նամակ, ըստ որի՝ 82 համարի միկրոավտոբուսային երթուղին փոխարինվել է 42  համարի ավտոբուսային երթուղով։ Բայց երթուղում մինչև հիմա Գազելներ են։  Այն էլ ամենահին սերնդի Գազելներ։ Գազելները սարսափելի տեխնիկական 
վիճակում են գտնվում և քաղաքացիների կյանքի համար պոտենցիալ վտանգ են  ներկայացնում»:

Ըստ նամակագրի, տարբեր տարիներին այդ Գազելների վրա հիմնականում եղել է  «Լուս Աստղ»-ի գովազդը, այնուհետև «Երևան Սիթի»-ի գովազդը։ «Ինչը թույլ է տալիս ենթադրել թե ում կարող է պատկանել այդ երթուղին և ինչու քաղաքապետարանի թափը չի հերիքել երթուղին փոխարինել»,-նշված է նամակում:

Panorama.am-ը փորձեց քաղաքապետարանից ստանալ պատճառների վերաբերյալ մեկնաբանություն.

«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման`աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցով նախատեսված է թվով 31 միկրոավտոբուսային երթուղիներ փոխարինել ավտոբուսայինով։ Թվով 16 միկրոավտոբուսային երթուղիներ արդեն փոխարինվել են ավտոբուսային երթուղիներով, մնացածը կփոխարինվեն մայրաքաղաք ավտոբուսների նոր խմբաքանակների ներկրման դեպքում»,-ասված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պատասխանում:

Աղբյուր` Panorama.am