Ազգային ժողովում արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների մասին, բերելով խայտառակ փաստեր: Դրանք իհարկե նորություն չեն, մամուլում տարիներ ի վեր հրապարակումներ են եղել դրանց մասին: Հայաստանի դեսպանատները զգալի մասով եղել են առեւտրային գրասենյակներ, որոնց գործառույթը եղել է հայաստանյան քրեա-օլիգարխիայի բիզնես շահերի եւ տվյալ երկրներում բիզնես ներկայության ապահովումը: Իսկ դեսպանատներից մեկն, օրինակ, ծառայում էր որպես քյաբաբանոց:


Դեսպաններն իրենք պարբերաբար հայտնվում էին միջազգային սկանդալների մեջ, երբ բացահայտվում էր, որ նրանք զբաղվում էին փաստաթղթերի կեղծմամբ, թրաֆիքինգով եւ այլն:


Իսկ ամենակարեւորը՝ դեսպանատների մի զգալի մասը որոշ ժամանակից ի վեր դարձան ռուսական քաղաքականության կցորդներ, եւ շատ երկրներում նույնիսկ՝ ինֆորմացիայի ուղիղ աղբյուր ռուսական կողմի համար:

Այսպիսով, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների մի զգալի մասը խոշոր հաշվով կատարում էր երկու գործառույթ՝ հայկական քրեա-օլիգարխիայի բիզնես շահերի պաշտպանություն ու ռուսական քաղաքական շահերի պաշտպանություն՝ ագենտի կարգավիճակով:

Արման Բաբաջանյանի ելույթն այս մասին էր, նա նաեւ անուններ տվեց, այդ թվում՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի անունը: Եվ այդ ելույթին անմիջապես կոշտ արձագանքեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւ մասնավորապես Արման Աբովյանը, ով եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Անդրանիկ Մանուկյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է, նրա որդին՝ Ծառուկյանի փեսան՝ ԲՀԿ պատգամավոր:

Իսկ ընդհանրապես, նոր Ազգային ժողովի առաջին երկու օրվա քննարկումների որակը, հատկապես հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումների ժամանակ էական հարցերի բարձրացումը հույս են ներշնչում, որ նոր ԱԺ-ն կարող է վերջապես վերածվել քաղաքական լուրջ հարթակի: Ընդհանուր պատկերից առայժմ դուրս է մնում ԲՀԿ-ն, որն այնուամենայնիվ մնում է ապաքաղաքական ու մեկ անձի շահերի շուրջ հավաքված խումբ, եւ դրա վկայությունը վերոհիշյալ սկանդալն էր: Թեեւ, այդ շահերից դուրս հարցերում չի բացառվում, որ ԲՀԿ առանձին պատգամավորներ կարող են ներգրվել նոր խորհրդարանի տրամաբանությանը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am