Ազգային ժողովում աժիոտաժ է` աշխատասենյակների ու գույքի բաշխման գործընթաց է։ Պատգամավորների մեծ մասը դեռևս աշխատասենյակներ չունեն, նիստերի դահլիճից իջնում են ճաշարան, այնտեղից վերադառնում նիստերի դահլիճ։


Իմ քայլը դաշինքի պատգամավորներից ոմանք դժգոհում էին, թե իրենց մեկ փոքր սենյակ է բաժին ընկել։ Տեղեկություններ կան, որ ԲՀԿ պատգամավորներին հանելու են իրենց նախկին սենյակներից, դրանք հատկացվելու են Իմ քայլի պատգամավորներին։

Մինչ պատգամավորները փորձում են ճշտել, թե որ սենյակներն են զբաղեցնելու, ԱԺ նորընտիր փոխնախագահներից Լենա Նազայանը զբաղեցրել է նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակը, իսկ Ալեն Սիմոնյանը` Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակը։

Ի դեպ, Շարմազանովի աշխատակազմը մի քանի սենյակ է զբաղեցնում: Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ նույն տարածքը պահպանվելու է նաև իր համար, քանի որ աշխատանքի բնույթից ելնելով` շատ հյուրեր ու պատվիրակություններ է ընդունելու։

Լենա Նազարյանին ԱԺ տնտեսական մասի աշխատակիցները բազմոց ու բազկաթոռ էին բերել, սակայն նա հրաժարվել էր, հետ էին տանում։ “Լենայի համար էինք բերել, չուզեց, հետ ենք տանում”, ասաց ԱԺ աշխատակիցը։