2017թ. ամառային զորակոչի ընթացքում մի շարք առողջական խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված Ա. Դ-ն, զորակոչվելուց 1.5 տարի անց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել: Այս մասին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրություններին ի պատասխան, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը` 2019թ. հունվարի 9-ին թվագրված գրությամբ:
Սպլենոմեգալիա, լյարդի ցիտոլիտիկ համախտանիշ, հիպերբիլիռուբինեմիա ախտորոշումներով Ա. Դ-ն նախ 5 ամսով բուժման նպատակով տարկետում է ստացել, ապա առանց բուժում ստանալու և առողջական վիճակի բարելավման՝ 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահամանփակումով պիտանի ճանաչվել և զորակոչվել ՀՀ զինված ուժեր:
Զորակոչվելուց ի վեր նա անընդհատ գտնվել է բժիշկների հսկողության տակ, անցել հետազոտություններ, բուժում ստացել: Զորակոչվելուց 1 ամիս անց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո հետազոտությունների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին ներկայացվելուց հետո կրկին զինծառայությանը սահամանափակումով պիտանի է ճանաչվել և տեղափոխվել զորամաս։ Զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017թ. հուլիսի 13-ի որոշումը կայացվել է նրա ախտորոշումների միակողմանի գնահատման արդյունքում. Հանձնաժողովն անտեսել է ակնհայտ հիվանդությունները և հիմնվել դրանց մի մասի վրա միայն: Ա. Դ-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2018թ. փետրվարից և զինծառայողին անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ենթարկելու ու զինծառայությանը նրա պիտանիության հարցը վերանայելու նպատակով դիմել ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին:
2018թ. մարտի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանել է, որ զինծառայողն անցել է հետազոտություններ և բուժում, և վերափորձաքննության անհրաժեշտություն չի տեսել: Չնայած նրա այդ պնդումներին՝ Ա. Դ-ի hայրը հայտնել է, որ որդու վիճակն ավելի է վատթարացել, ուշագնացության դեպքեր են եղել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. հուլիսի 6-ին կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, այս անգամ՝ նախարար Դ. Տոնոյանին: ՀՀ պաշտպանության նախարարությունից նախ տեղեկացրել են, որ զինծառայողը հետազոտութուններ ու բուժում է անցնում, ապա 2019թ. հունվարի 9-ին հայտնել են, որ բուժում ստանալուց հետո կրկին ներկայացվել է փորձաքննության ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով և զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել: