Քաղաքագետ Նարեկ Գալստյանը նախագահ Սարգսյանի` Լեհաստան կատարած այցի արդյունքները գնահատում է դրական: Նրա  խոսքերով՝ իրականացել են  նախապես պլանավորած բոլոր միջոցառումները: Քաղաքագետն առավել ուշագրավ է համարում հանդիպման վերջում կայացած բրիֆինգը, որի ժամանակ հարցուպատասխաններ են հնչել: Իսկ այն հարցին, թե ինչպես է քաղաքագետը վերաբերվում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու կողմից արված հայտարարությանը, որում ասվում էր, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի, և որ հնարավոր չէ միաժամանակ երկու տարածություններում էլ լինել, Գալստյանը պատասխանեց, որ պետք չէ մոռանալ, որ սա ոչ թե ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումն է, այլ Լեհաստանի նախագահի: «Եկեք չմոռանանք, որ, որոշ ժամանակ առաջ Հայաստանում Լեհաստանի դեսպանը նույնպես հանդես էր եկել նման հայտարարությամբ: Սա բնորոշ է Լեհաստանին: Իսկ Հայաստանը նպատակ չունի դառնալու Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»,- ասաց քաղաքագետը:  Այստեղ նա հորդորեց ուշադրություն դարձնել լիիրավ բառին, քանի որ Հայաստանը դիտորդական կարգավիճակով է անդամակցում: «Մենք  երկընտրանք չունենք և, առավել ևս, երկընտրանքի անհրաժեշտություն: Մեզ պետք չէ անդամակցություն որևէ մաքսային միության հետ: Մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը և աշխատում ենք երկու միությունների հետ»,- հայտնեց Գալստյանը՝ նշելով, որ մենք ընտրություն անելու կարիք կունենանք այն ժամանակ, երբ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն լինի: «Նրանց միջև միայն մրցակցություն է, իսկ դա նորմալ երևույթ է»,- գնահատեց քաղաքագետը: Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելու փաստին՝ Գալստյանը իրավիճակը բացասական գնահատեց: Նրա հավաստմամբ՝ դա սխալ քայլ էր ռազմավարական գործընկերոջ կողմից: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը շատերին է ներել իր պարտքերը, իսկ Հայաստանի մասին անգամ չի էլ ակնարկում: Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմամը, ապա, նրա հավաստմամբ՝ Ռուսաստանը Հայաստանին չի վաճառել այն գնով, որ գնով վաճառել է այլ երկրների: «Երբ փոփոխություններ կլինեն աշխարհաքաղաքական դիրքերում, այն ժամանակ էլ փոփոխություններ կլինեն արտաքին քաղաքականության մեջ»,- գնահատեց Նարեկ Գալստյանը: Վերջում քաղաքագետը առաջադրեց իրավիճակից դուրս գալու իր մոտեցումները՝ նշելով, որ Եվրոպայի հետ  ազատ առևտրի գոտին պետք է լինի, ինչպես նաև արտահանման խթանում, իսկ Եվրամիությանն անդամակցելն այնքան էլ նպատակահարմար չէ: